Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՊՆ-ի, «զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր»։ Նրանցից մի քանիսը «ինքնակամ լքել են զորամասը»։
Այժմ ՊՆ-ն նրանց հայտնավերելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։
Զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։
ՊՆ-ն հաղորդագրության վերջում կոչ է արել քաղաքացիներին «ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և հետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից» և նախաձգուշացրել՝ բոլոր այսօրինակ դեպքերում «տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։