Բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը, հաղորդում է ԱԱԾ֊ն:
Հաղորդման համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնյա Լ.Ա.-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի քննական թեստերի համահեղինակ, իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդ Ա․Հ․-ին սովորեցնելու և արդյունքում այդ առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է 1.498.140 դրամին համարժեք 3000 դոլար։
Հուլիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Լ․Ա․-ն այցելել է դիմորդի մոր գրասենյակ և անձամբ ստացել կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպատամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաև կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են: Կաշառք ստացած պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած մարդիկ խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել: