Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում, գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՊԲ-ն հավաստիացրել է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների։
Երեկ ուշ երեկոյան Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաղորդել էր, որ «Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել»:
«Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են», – գրել էր Ղարաբաղի օմբուդսմենը։