ՔԿԾ-ն հաղորդում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորների մահվան մասին։
Մահացել է 33-ամյա ֆրանսիացի կալանավորը
«ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը», – հաղորդել է քրեականատորղական ծառայությունը։
Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 267.1 հոդվածի (թմրանյութեր, դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքեր կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու, առաքելու կոնների խախտում) 4-րդ մասի 1-ին կետով և 266 հոդվածի (թմրանյութերի շրջանառություն/իրացում) 3-րդ մասի 2-րդ կետով:
Մահվան հանգամանքները մասին մանրամասները կառույցը չի հաղորդում։ Նշվում է, որ ՔԿԾ-ում էլ ուսումնասիրություն է իրականացվում, ՔԿ-ում՝ նախապատրաստվում են նյութեր։
Մահացել է հիվանդանոց հոսպիտալացված 67-ամյա կալանավորը
«ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ, 1954թ․ ծնված Մ․ Ս․-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 14-ին կանչվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Վաղարշապատ» ԲԿ-ում արձանագրվել է Մ․ Ս․-ի կենսաբանական մահը», – ասված է ՔՀԾ հաղորդագրությունում։
Մ․ Ս․-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 2021թ․ հունիսի 15-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 139 հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով: