Home / Մշակույթ / Եթե ծառերը կարողանային խոսել․ տարածաշրջանի նոր ֆիլմերը

Եթե ծառերը կարողանային խոսել․ տարածաշրջանի նոր ֆիլմերը

Ոսկե ծիրան 2021-ին` հիմնական մրցութային ծրագրին զուգահեռ, ներկայացնվեց տարածաշրջանային համայնապատկերը, որը ներառում էր ֆիլմեր Հարավարևմտյան Ասիայից` Վրաստան, Իրան, Իսրայել, Իրաք, Հորդանան և այլն: Ծրագիրը լավ հնարավորություն էր՝ բացահայտելու տեղական կինոգործիչներին, և հետաքրքիր ճանապարհորդություն՝ բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանով, ուր, չնայած ազգային ու կրոնական տարբերություններին, ֆիլմերը հաճախ նույն թեմաներին են անդրադառնում, երբեմն՝ նույնիսկ համանման տրամադրությամբ ու ոգով:

Հաղթող ֆիլմը՝ վրաստանցի ռեժիսոր Սալոմե Ջաշիի «Սանձումը» (Taming the Garden), ներկայացնում է շատ անսովոր մի պատմություն. հարյուրամյա ծառերը արմատահան են արվում ու տեխափոխվում Վրաստանի ամենահարուստ մարդուն պատկանող արհեստական դրախտային այգի` մարդկանց թողնելով շինարարական փոսեր ու վնասված ծառեր: 


Սանձումը, Սալոմե Ջաշի

Ֆիլմը ներգործում է հանդիսատեսի վրա թե՛ վիզուալ-պատկերային, թե՛ իմաստային մակարդակներում: Որոշ տեսարաններ (օրինակ` ծովով ընթացող հսկա ծառը) ուղղակի կախարդող են. եթե կոնտեքստից դուրս ցուցադրվեն, կարող է անգամ «պատկերային կինոյի» տպավորություն ստեղծվել: Ջաշին ցույց է տալիս նաև բռնությունը, որն ընկած է այդ գեղեցկության հետևում: Արմատախիլ արված ծառերով օլիգարխը մոտեցնում է բնապահպանական աղետը. տեղի բնակիչները չեն դիմանա կապիտալիստական մեքենայի ճնշմանը։ Վաղ թե ուշ նրանք հաստատ կլքեն իրենց հողը։ Ջաշիի տեսախցիկը միայն դիտարկում է, այն չի միջամտում իրադարձությունների ընթացքին, իրավիճակ չի ստեղծում: Հստակ քաղաքական ուղերձի համար հերիք է անգամ պարզ արձանագրումը։

Արմատազրկվելու, հայրենի հողը լքելու թեման նաև ծրագրի այլ ֆիլմերում է կարևոր դեր խաղում: Սերժ Ավետիքյանի «Վերադարձ Սոլոզ» (Return to Sölöz) ֆիլմում հայ գաղթականների ընտանիքում մեծացած ռեժիսորը տասնամյակների ընթացքում պարբերաբար վերադառնում է իր նախնիների գյուղը, հանդիպում տարբեր մարդկանց, հետևում նրանց ճակատագրին, նկատում փոխակերպումները: Հերոսները հասունանում են, ծերանում, իսկ անցյալի հանցանքների հետքերը ու թողածսպիները թաքցվում են ու մոռացվում:

Mosul-My-Home
Մոսուլ, իմ տուն, Ադալեթ Ռ․ Գարմիան

Ադալեթ Ռ․ Գարմիանի «Մոսուլ, իմ տուն» (Mosul My Home) Ֆիլմի անանուն հերոսը ճամփորդում է պատերազմներից ու վայրագություններից ավերակների վերածված Մոսուլի փողոցներով ու նրբանցքներով: Այս էքսպերիմենտալ իրաքական վավերագրականում նա պատմում է իր քաղաքի անցյալի ու ներկայի մասին, և ողբում բնակիչների համար: Սա միևնույն ժամանակ և ձոն է՝ նվիրված հարազատ քաղաքին, և ռեքվիեմ:

let there be morning
Թող առավոտ լինի, Էրան Կոլիրին

Ծրագրում ընգրկված երկու իսրայելական ֆիլմերը տարբեր դիտանկյուններից պատկերում են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Էրան Կոլիրինի «Թող առավոտ լինի» (Let It Be Morning) ֆիլմի հերոսը` Երուսաղեմում հաստատված պաղեստինցի Սամին, մեկ օրով վերադառնում է հայրենի գյուղ՝ եղբոր հարսանիքին մասնակցելու: Հետդարձի ճանապարհին նրան դիմավորում են իսրայելական սահմանապահ զորքերը ու թույլ չեն տալիս Երուսաղեմ հասնել: Սամին ստիպված է գյուղում մնալ: Չնայած որոշ ժանրային կլիշեների օգտագործմանը, ֆիլմում, կարծես, չկա մշակույթն ու կենցաղը վերաիմաստավորելու կամ գյուղական կյանքը ռոմանտիզացնելու փորձ: «Ակունքներին վերադարձը» ոչ թե հերոսի ընտրությունն է, այլ՝ քաղաքական իրավիճակի թելադրանք: Դաժան ու անարդար իրականության հետ բախումը մինչ այդ փափուկ ու հարմարավետ կյանք ապրող մարդուն վերափոխում է, դրդում օկուպացիայի դեմ պայքարի, դիմադրության: 

Ռան Տալի «Իսկ եթե՞» (What If?) ֆիլմում Իսրայելի նախկին վարչապետ, բարձրաստիճան զինվորական Էհուդ Բարաքը պատմում է իր կյանքի ու տարածաշրջանի համար ճակատագրական որոշումների մասին: Այն, ինչ սկսվում էր որպես խոստովանություն կամ մեղքերի թողություն, վերածվում է պարզ ինքնաարդարացման: Որ ժամանակին չի սպանել Յասեր Արաֆատին կամ Սադամ Հուսեյնին՝ ի վերջո, կարծես, միակ բանն է, որի համար իսկապես զղջում է Բարաքը։ Պատմությունն, իհարկե, ուշագրավ է ու կարևոր, բայց հերոսին համակրել  չի ստացվում, չնայած որ ֆիլմի հեղինակներն իրադարձությունները հենց Բարաքի տեսանկյունից են ներկայացնում և, որոշ առումով, փորձում նրան շահավետ լույսի ներքո պատկերել:

Իրանը տարածաշրջանային համայնապատկերում ներկայացված էր միանգամից երեք ֆիլմով: Երեքն էլ կենտրոնանում են ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների վրա: Մարիամ Սադաթ Բահրոլոլումիի «Շահրբանու» (The Lady of the City) ֆիլմի հերոսուհին որդու հարսանիքին մասնակցելու առիթով բանտից մի քանի օրով  դուրս գալու թույլտվություն է ստանում: Պարզում է՝ նրա հարազատները գոյատևում են ծայրահեղ աղքատության պայմաններում, ապրում են կարծես պարտքով: Բոլորն ունեն իրենց խնդիրները, որոնք հերոսուհին փորձում է լուծել այդ կարճ ժամանակահատվածում` անընդհատ վազքի մեջ գտնվելով: «Շահրբանուն» զուգահեռվում է արտամրցութային ծրագրում ցուցադրված Ասղար Ֆարհադիի «Հերոսի» հետ` թե սյուժեով, թե տոնայնությամբ և ուղերձով: Սոցիալական իրավիճակն այնպիսին է, որ հերոսներն, անգամ բանտից դուրս գալուց հետո`ճաղերով շրջափակված են մնում:

hit the road
Ճամփա ընկնելով, Փանահ Փանահի

Փանահ Փանահիի «Ճամփա ընկնելով» (Hit the Road) ֆիլմում պատկերվում է կարծես արքետիպային, բայցև շատ տարօրինակ մի ընտանիք. ամուսիններն ու նրանց երկու որդիները մեքենայով ճամփորդում են անհայտ ուղղությամբ: Այստեղ գրեթե ոչինչ ուղիղ չի ասվում, չի պարզաբանվում նույնիսկ խորհրդավոր ճամփորդության իրական պատճառը: Ո՞ւր են գնում, ինչի՞ց են փախչում: Փանահին հանդիսատեսին հնարավորություն է տալիս՝ մտածելու էկրանին կատարվող գործողությունները բացատրող սեփական տարբերակը: Ընթերցումներն ու վարկածները կարող են բազմազան լինել` քաղաքական մետաֆորից մինչև ֆանտաստիկա կամ հեքիաթի նշույլներով դրամեդի: Փանահ Փանահիին դեռ երկար են համեմատելու իր հոր՝ Ջաֆար Փանահիի հետ, բայց արդեն դեբյուտային ֆիլմը ստիպում է նրան վերաբերվել որպես լրիվ անկախ, սեփական ձայնն ու ոճն ունեցող ռեժիսորի:

Եթե «Ճամփա ընկնելով» ֆիլմում մոգական ռեալիզմի որոշ էլեմենտներ են միայն, ապա Մաջիդ Բարզեգարի «Անձրևը գալիս է ուր ուզի»-ում (The Rain Falls Where it Will) արդեն բացահայտ երևակայական, ֆենթըզիին հատուկ տեսարաններ կան (էպիզոդներից մեկում Բարզեգարը հղում է Տարկովսկու «Ստալկերին»), որոնք հակադրվում են ընդհանուր ռեալիստական պատկերին: Էֆթանազիայի խնդրին անդրադարձող սոցիալ-հոգեբանական դրաման վերափոխվում է մեր կյանքում գերբնականի ներկայության մասին մտորումների:

the alleys
Նրբանցքները, Բասել Ղանդուր

Բոլոր այս ֆիլմերի ֆոնին հատկապես առանձնանում է հորդանանական «Նրբանցքները» (The Alleys): Ռեժիսոր Բասել Ղանդուրը որդեգրում է Քվենտին Տարանտինոյի կամ Գայ Ռիչիի վաղ շրջանի ոճը` բազմաթիվ ու բազմազան կերպարներ, խճանկարային սյուժե, ուր միահյուսվում են տարբեր պատմություններ, սուր դիալոգներ, դաժան ու արյունալի տեսարաններ ու իրոնիայով լի ինտոնացիա: Հորդանանի մայրաքաղաք Ամմանը՝ որպես հնի ու նորի խաչմերուկ. անցյալից եկած ավանդույթներն այստեղ բախվում են ժամանակակից ապրելակերպին: Ամոթն ու նամուսը, ցանկություններն ու հնարավորությունները. ամեն ինչ միախառնվում է մեկ վայրում: Այս ամենը կարելի է ասել տարածաշրջանի համարյա բոլոր քաղաքների մասին. «Նրբանցքների» պատմությունը նույն հաջողությամբ կարող էր տեղի ունենալ Երևանում կամ Թբիլիսիում:  

Արևմտյան Ասիայում բարձր որակի կրիմինալ  ֆիլմեր հաճախ չեն պատահում: «Նրբանցքները» միանշանակ հաջողված փորձ է՝ ստեղծելու զվարճալի կինո, որը բարձրաձայնում է նաև սոցիալական խնդիրների մասին․ այստեղ միավորվում են հեղինակային ու ժամանցային կինոն, ինչը տարածաշրջանում որակյալ արթ-մենյսթրիմի ձևավորման հույս է ներշնչում:

Ալեքսանդր Մելյան, Սինեսկոպ