Home / Ազգային ժողով / Ֆրանսահրեա ֆաշիստի խաչակրաց քարոզարշավը սկսվեց Հայաստանից

Ֆրանսահրեա ֆաշիստի խաչակրաց քարոզարշավը սկսվեց Հայաստանից

Էրիկ Զեմուրը Հայաստանում էր․ Ֆրանսիայի՝ ծայրահեղ աջ քաղաքական հայացքներով հայտնի նախագահի այս թեկնածուն եռօրյա այցով ժամանել էր Երևան՝ պաշտպանելու «վտանգի տակ գտնվող» քրիստոնյաներին։ 

Զեմուրը ապրիլին կայանալիք ընտրություններում Էմանուել Մակրոնի գլխավոր մրցակիցներից մեկն է։ Ծնվել է Փարիզում՝ Ալժիրից 1950-ականներին գաղթած հրեաների ընտանիքում։ Գրող է։ Գրական և հրապարակախոսական հոդվածներում պարբերաբար գուժում է Ֆրանսիայի վախճանը և առաջարկում վտարել միգրանտներին՝ երկիրը «իսլամական հանրապետության» չվերածելու համար։ Համարում է, որ ֆրանսիացիների և արաբ ներգաղթյալների միջև «ռասայական պատերազմ» է ընթանում։ 

Հայ ազգի նկատմամբ իր հարգանքը պայմանավորում է հավատով, որ Արևմուտքի ու Արևելքի, քրիստոնյաների ու մուսուլմանների միջև հակամարտություն է․ հայերին վերագրում է Արևմուտքի դերը։

Նախօրեին նրան ողջունել էին հայկական խորհրդարանում․ պաշտոնական հանդիպմանը ներկա պատգամավորների շարքում էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ 

Ավելի ուշ նա տեսնվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ավել վաղ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքի հետ։ Ֆրանսիացի ազգայնականը մտադիր է զբաղվել նաև ֆրանսիական ընկերությունների հնարավոր ներդրումների հարցերով, ուստի՝ հանդիպում է ունեցել հայաստանցի տնտեսական գործիչների հետ…

Իսկ դրանից առաջ՝ այցելել Ծիծեռնակաբերդ։ 

Հասել է նաև հայ-թուրքական սահման՝ Արարատով զմայլվելու։ «Մեր քաղաքակրթության մեծությունը միշտ սնուցել է մեր զրույցները: Այժմ մենք կանգնած ենք Արարատին դեմ հանդիման՝ Արևմուտքի և Արևելքի սահմանին», – մեկ այլ գրառման մեջ գրել է Զեմուրը՝ կից հրապարակելով Մասիսի ֆոնին իր և ֆրանսիացի նացիոնալիստ Ֆիլիպ դը Վիլիեի լուսանկարը։

Ծագումով հրեա ֆրանսիացի ազգայնականը նաև մոմ է վառել Խոր Վիրապում՝ «պատմության մեջ առաջին քրիստոնյա երկրի բնօրրանում»։

Զեմուրի հայաստանյան այցը առաջինն էր նախընտրական ճամփորդությունների շարքում։ 

Նա Երևան էր ժամանել դեկտեմբերի 11-ին․ անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանում՝ «Վերադարձե՛ք տուն, այստեղ ձեզ չեն ողջունում», «Մենք էլ ենք ներգաղթյալների երեխաներ», «Ռասիստ» վանկարկումներով ու պաստառներով նրան դիմավորել են շուրջ 20 ցուցարարներ։

«Մենք այնտեղ ենք, որպեսզի հայերին տեղեկացնենք՝ ով է Էրիկ Զեմուրը: Նա շատ վտանգավոր մարդ է, նա ֆաշիստ է», – լրագրողների հետ զրույցում ասել է 25-ամյա ֆրանսահայ Շիրինե Օրգեկյանը: Ցուցարարներից մյուսը հավելել է՝ Զեմուրի այցը պարզապես մանիպուլյացիա է՝ նախագահական ընտրությունների ժամանակ ֆրանսահայերից ավելի շատ ձայներ ստանալու համար։