Ելքայլ ձիով
Ղազախստանում քառօրյա ցույցերի գլխավոր սյուժեն (ի սկզբանե մարդիկ դուրս էին եկել փողոց հեղուկ գազի սակագների բարձրացման պատճառով, հետո՝ անցել քաղաքական պահանջների) ծավալվեց հունվարի 5-ի ուշ երեկոյան։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հատուկ ուղերձով ռազմական օգնություն հայցեց ՀԱՊԿ-ից՝ միավորում, որին անդամակցում են Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Հայաստանը և Ղրղզստանը։ Եվ ՀԱՊԿ-ը համաձայնեց․ զորքեր մտնելու որոշումն արդեն կայացվել է։
Պաշտոնապես՝ «ահաբեկչական սպառնալիքի» բերումով։ «Իրականում սա այլևս սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խարխլում է և ամենակարևորը՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, ովքեր խնդրում են ինձ՝ որպես Պետության ղեկավարի, հրատապության կարգով օգնություն ցուցաբերել իրենց», – հայտարարեց Տոկաևը։ Ամբողջականության խարխլման տակ հասկացվում է Ալմաթիի փաստացի թալանը․ այնտեղ ցույցերը տարօրինակ կերպով փոխարինվեցին ավարառությամբ։
Վլադիմիր Տրետյակով/ AP
Ի տարբերություն մյուս քաղաքարների, որտեղ պրոտեստն ընդհանուր առմամբ խաղաղ էր ընթանում, Ալմաթիում ուժայինների դեմ դուրս եկած մարդիկ ի սկզբանե ավելի կոպիտ էին ու ագրեսիվ։ Բայց եթե հունվարի 4-ի ցերեկը ցուցարարների մի մասը ինչ-որ կարգախոսներ էր առաջ քաշում, երեկոյան փողոցային ամբոխը զբաղված էր արդեն ոստիկանական մեքենաների հրկիզմամբ։ Անմիջապես քաղաք մտցվեց հատուկ տեխնիկա․ նախագահ Տոկաևը հայտարարեց արտակարգ դրություն։ Մինչև առավոտ այս տեխնիկայի զգալի մասը, սակայն, հայտնվեց ամբոխի ձեռքում։
Ինչն է տարօրինակ․ ղազախ զինվորականներն ու ուժայինները չեն առանձնանում վախկոտությամբ, բայց երբ Ալմաթի եկան թալանչիները, քաղաքից առաջինը անհետացան հենց նրանք։
Ղազախստանի հարավային մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ վկայություններ հավաստում են, որ
քաղաքն ամբողջովին հանձնվել էր սպորտային կոստյումներով մարդկանց, ովքեր ընդհանրապես ոչնչից չէին վախենում։
«Եկվորները», որոնք պրոտեստի հետ որևէ առնչություն չունեին, սկսեցին կրակի տալ քաղաքը։ Այրվեցին Ալմաթիի աքիմաթի, դատախազության շենքերը, «Նուր Օտան» կուսակցության գրասենյակը, հրդեհվեց նաև «Ղազախստան» հեռուստաալիքի տարածքը։ Ավազակները անցան մեքենաներ վառելուն, բանկեր և բանկոմատներ թալանելուն։ Ծեծի էին ենթարկում ձեռքի տակ ընկնողներին՝ նահանջող ուժայիններից մինչև սովորական բնակիչներ։ Հունվարի 5-ի երեկոյան փաստացի ջարդուփշուր էր արվել նաև Ալմաթիի օդանավակայանը․ ուղևորներից շատերին վերջին պահին հազիվ կարողացան տարհանել։
Քիչ անց, առանց որևէ խոչընդոտի, ավազակների ձեռքում հայտնվեց նաև Ազգային անվտանգության կոմիտեի շենքը, իսկ այնտեղից՝ նաև զենք-զինամթերքը։ Բացի այդ, բանդիտներին ինչ-որ զենքեր էին բաժանում նաև հատուկ ավտոմեքենաներից։ Անգամ գիշերը 01։50-ի դրությամբ, երբ շրջաններում, Տոկաևի խոսքով, համառ մարտեր էին ընթանում «ահաբեկիչների» և զինված ուժերի միջև, կողոպտիչներն Ալմաթիում շարունակում էին խանութների և առևտրի կենտրոնների թալանը։
Վլադիմիր Տրետյակով/ AP
Երկրով մեկ գրեթե յոթ ժամ ինտերնետ չկար, գործնականում չէր աշխատում նաև բջջային կապը։ Ալմաթին փաստացի հանձնվել էր հոշոտման․ հարց է, թե կոնկրետ ում։
Տոկաևի տեսանկյունից՝ խոսքը ինչ-որ «արտաքին ազդեցության» մասին է, բայց «Արևմուտքի ձեռքի» հավանականությանը հավատալն այս պարագայում երևի ավելի բարդ է, քան անգամ նրան, որ պրոտեստները փոխկապակցված են վտարանդի ընդդիմադիրների հետ (որոնք, ի դեպ, բոլորը և թույլ են, և աղճատված)։
Եվ չնայած սա ցնորքի է նման, բայց ամենայն հավանականությամբ սանձարձակ տղամարդկանց այս ամբոխը իրոք ներքին ծագում ունի։
Հետևե՛ք ժամանակագրությանը։ Ալմաթիում ագրեսիայի կտրուկ աճը զարմանալի զուգադիպությամբ հաջորդեց Ազգային անվտագության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդի Սամատ Աբիշի պաշտոնանկությանը։
Նախկին նախագահը ունի ևս մեկ եղբորորդի, որը տարբեր ժամանակաշրջաններում մի քանի տարբեր սպորտային միություններ է ղեկավարել։ Կա վարկած, որ այս միություններում ներգրավված մարզիկների մի մասը կարող էր ծայրահեղական հայացքներ ունենալ և, ըստ անհրաժեշտության, օգտագործվել – գուցե նույնիսկ տակից – երկրում իրավիճակը ապակայունացնելու համար։ Իհարկե սա չի նշնակում, որ հենց նրանք էին թալան անում, բայց անկախ նրանից՝ ովքեր էին զբաղվում ավազակությամբ, քաղաքը այսքան հեշտորեն գրավել հնարավոր էր ուժային կառույցների ամբողջական թողտվությամբ միայն։
Բարեհաջող զուգադիպությամբ նախագահ Տոկաևը հունվարի 5-ի երեկոյան Նուրսուլթան Նազարբաևից խլեց Անվտանգության խորհուրդը (անձամբ Ելբասիի մասին այս չորս օրերի ընթացքում բառացիորեն ոչինչ հայտնի չէ), թեև Նազարբաևը, իբր թե, դրա ցմահ ղեկավարն էր համարվում։ Ավելի ուշ պաշտոնանկ արեց նաև Ազգային անվտանգության կոմիտեի նախկինում անձեռնմխելի ղեկավարին՝ Կարիմ Մասիմովին։
Դրանից անմիջապես հետո ուժայինները անսպասելիորեն դիմեցին շտուրմի՝ կողոպտիչներից քաղաքը, դրա գրավված և թալանված ենթակառուցվածքային օբյեկտները ազատելու համար («հակաահաբեկչական օպերցիա»)։
Հունվարի 6-ի առավոտյան ազդարարվեց Ալամթիի տոտալ մաքրումը «հանցավոր տարրերից», իսկ գիշերը քաղաքում մարտեր էին՝ հրազենի կիրառմամբ․․․
Պավել Միխեև/ Reuters
Մնում է մի հարց միայն․ եթե ուժայինները կրկին սկսել են ինքնուրույն հաջողել, ինչո՞ւ էին անհրաժեշտ ՀԱՊԿ զորքերը։ Ռուսաստանը, ինչպես և Բելառուսը, սեփական զինվորականներին Ղազախստան ուղարկելու հետ խնդիրներ չունեն (ամենայն հավանականությամբ, հունվարի 5-ին հենց դրա շուրջ էին երեք նախագահները հեռախոսով խոսում), բայց, հաշվի առնելով Ղազախստանի և հատկապես ղազախախոս բնակչության կողմից ռուսական իշխանությունների նկատմամբ լարված վերաբերմունքը, դա կարող է ապակայնուցնող հավելյալ գործոն դառնալ։
Եվ եթե Տոկաևը համարձակվել է դիմել նման քայլի, ակնհայտ է, որ օտար ուժային կառույցներին և բանակին նա ավելի շատ է վստահում, քան սեփականին։
Հեռանկարում սա ենթադրում է զանգվածային զտումներ ղազախ ուժայինների շրջանում, որոնք մինչ այս լոյալ էին համարվում նախևառաջ հենց Նազարբաևին, այլ ոչ թե Տոկաևին։
Սա նաև նշանակում է, որ Ղազախստանի նախագահը այժմ այլ ելք չունի՝ մեծ ռիսկի դիմելուց և Պուտինին ու Լուկաշենկոյին վստահելուց բացի։ Եթե հանկարծ մի բան սխալ գնա, Տոկաևի համար սա ճակատագրական է լինելու։ Քիչ է՝ ստիպված կլինի գործ ունենալ արդեն ՀԱՊԿ կոլեգաների հետ, նաև սեփական քաղաքացիները կարող են չներել․․․
Վյաչեսլավ Պոլովինկո
ռուսերեն բնագիրը՝ «Новая газета»