Սարի թաղի բնակիչ, 50 տարեկան Արմեն Մնացականյանը մոտ 60 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո, հունիսի 28-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, գրել է forrights.am-ը։
Մահվան վկայականում բժիշկները գրել են՝ «երկրկողմանի թոքաբորբ»: Մնացականյանի երկարատև հացադուլի մասին հայտնի է դարձել միայն նրա մահվանից հետո։
Ըստ Forrights-ի, դատապարտյալը հացադուլ է հայտարարել ազատազրկման առաջին իսկ օրվանից ՝ ապրիլի 7-ից, երբ բերվել է «Արմավիրի» բանտ։ Այդ կերպ նա պայքարում էր դատավճռի դեմ՝ 3 տարվա ազատազրկում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար (ՔՕ 112 հոդված):
2 տարի առաջ Նոր տարվա գիշերը Մնացականյանին մոտեցել է մի հարբած տղամարդ, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, հայհոյել է, որից հետո Արմեն Մтացականյանը ձեռքով հարվածել է նրա դեմքին և եղունգ կտրիչ փոքրիկ դանակով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տուժողը դատարանում խոստովանել է, որ հարբած է եղել և չի հիշում դեպքի մանրամասները: Առաջին ատյանի դատարանը Մնացականյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն, քանի որ առկա է եղել տուժողի հակաօրինական վարքագիծը, պատիժը պայմանականորեն չի կիրառել: Մեղադրող դատախազ Վ. Հարությունյանի վերաքննիչ բողոքից հետո պատիժը փոխվել է, Մնացականյանին ազատազրկել են 3 տարով:
Վերաքննիչ դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրը նրան ձերբակալել են: 30 ոստիկան տուն են եկել և առանց որևէ բացատրություն ներկայացնելու տարել նրան «Արմավիր» ՔԿՀ:
Նրա կինը՝ Վարդուհի Ալեքյանը այցելել է Forrights.am-ի խմբագրություն: Պատմել է, թե ինչպես է ամուսինը պետական ատյանների, բժիշկների թողտվությամբ աստիճանաբար մահացել։ Անգամ հացադուլից դուրս գալուց հետո նրան չեն օգնել՝ փաստացի դատապարտելով մահվան:
«Զանգում էի քրեակատարողական հիմնարկ, մինչև մահ, մինչև նրա դիակը ձեռքս տալը ինձ ասում էին՝ ամեն ինչ լավ է, ճնշումը նորմալ է՝ 120/80», — վերհիշել է Վարդուհին:
Նրա բողոքների արդյունքում Արմեն Մնացականյանին այցելել են հոգեբաններ, ՄԻՊ աշխատակիցներ։ Մնացականյանը պահանջում էր, որ իրեն դատախազն այցելի: Ոչ դատախազ, ոչ փաստաբան նրա մոտ չեն գնացել:
Ապրիլի 15-ից 24-ը դատապարտյալը ջրադուլ է հայտարարել: «Արմավիր» ՔԿՀ-ում, կնոջ խոսքով, փակել են ջրի ծորակը: Ասում է՝ հացադուլավորների խցերի ծորակները փակելը ՔԿՀ-ներում նորմա է: Այս կերպ, հավանաբար, նրանց «պատժում» են․
Ապրիլի 24-ին Արմեն Մնացականյանը դուրս է եկել ջրադուլից, բայց ջրի ծորակը չեն միացնում: Ջուր չկար:
«Ստիպված գնացել եմ քրեակատարողական ծառայություն, բողոք եմ գրել, որ ծորակը չեն բացում: Իրար զանգեցին, հետո ինձ խաբեցին, թե՝ վայ, ո՞վ է փակել ծորակները: Բայց փաստ՝ որ ամուսինս դուրս եկավ ջրադուլից ու նրան ջուր չէին տալիս: Ինձ ասում էին՝ ջուր առ, բեր «Արմավիր»: Ես պահանջեցի, որ իրենք ՝ պետը, կամ որևէ մեկը ջուր գնեն ու տանեն ամուսնուս: «Արմավիրում» բոլորը ջուր են առնում, տանում կալանավորին», — ասում է Վարդուհին ու զարմանում՝ լրագրող եք, մինչ օրս չգիտեք, որ «Արմավիրում» կալանավորի համար ջուրը դրսից են տանում:
Մայիսի 2-ին մոտ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Մնացականյանին որոշել են տեղափոխել «Սևան» ՔԿՀ: Նրա կինը կրկին դիմել է ՔԿԾ՝ պահանջելով, որ Արմենին մինչև հացադուլի ավարտը թողնեն «Արմավիրում», քանի որ կլիմայի կտրուկ փոփոխությունը վնասակար է թուլացած օրգանիզմի համար: Պահանջը չի բավարարվել։
«Սևան» ՔԿՀ ճանապարհին հացադուլավորը ուշագնաց է եղել: «Սևանում» սկսել է արյուն փսխել:
«Ոտքս դրել եմ գազին ու պնդել եմ, որ Արմենին տանեն դատապարտյալների հիվանդանոց: Այնտեղից տարան «Էրեբունի» ԲԿ: Ամուսինս փսխում էր, նռռում էր ցավից, բայց նույնիսկ փսխածը չէին մաքրում: 22 թիվն ենք, հակասանիտարական վիճակ էր: Մի կերպ համոզել եմ, որ շաքարը ստուգեն, սիստեմա միացնեն: Բշտելով, մի կերպ միացրեցին: Մի աղջիկ եկավ, ասեց՝ մոտը ինֆարկտ կա: Կարդիոգրամա արեցին, ասեցին, որ ինֆարկտ է տարել, ասեցին՝ լավ է, տարան «Դատապարտյալների հիվանդանոց»», — պատմել է կինը:
Մի քանի օրից ՄՆացականյանին երկրորդ անգամ են «Էրեբունի» տարել: Արդեն հացադուլից 40 օրն անցել էր:
«Փառք Աստծո, դուրս եկավ հացադուլից, գրեց, որ համաձայն է գլյուկոզա, վիտամիններ ստանա՝ կարծելով, թե իրեն պետք է թողնեն այնտեղ, բուժեն: Բայց խաբելով թուղթ ստորագրել տվեցին, որ բուժօգնությունից հրաժարվում է ու նորից տարան ՑԲ»:
Դրանից հետո Վարդուհին չի կարողացել ամուսնու հետ կապ հաստատել: Հեռախոսով նա կնոջը երկու բառ է կարողացել ասել՝ «Շատ վատ եմ, սրանք մարդակերներ են»: Արդեն հունիսի 7-ին նրան տեղափոխել են հանրապետական հիվանդանոց:
«96 կիլոյից դարձել էր 39 կիլո 600 գրամ: Մարդը արդեն դուրս էր եկել հացադուլից, ասում էր՝ ուտել եմ ուզում, բայց վերականգնողական բուժում չէին անում: Պահանջում էին, որ ինչ-որ թղթեր ստորագրի, նա էլ արդեն այնքան թույլ էր, որ ի վիճակի չէր ձեռքը բարձրացնել: Արդեն ամսի 8-ն էր, հունիսի:
Անգամ շորը ես իրավունք չունեմ փոխել, պետք է տանեմ շորը ՑԲ, կեղտոտ շորն էլ տանեմ, մայկան ու ներքնաշորը պլոմբեն, որ որ թույլ տան, որ փոխեմ: Մի պահ տեսա, որ կանվոյները չեն թողնում սիստեմա միացնեն, մտել են, Արմենին ստիպում են, որ ինչ-որ բան գրի, նա էլ ասում ա՝ չեմ անի: Բժիշկը եկավ, կանվոյների թեևից բռնեց, դուրս շպրտեց», — պատմում է Վարդուհին:
Հունիսի 9-ին Հանրապետական հիվանդանոցի բժիշկները ասել են Արմենի կնոջը, որ նա «շատ առողջ» է։ Նույն օրը նա ընկել է կոմայի մեջ:
«Կանվոյներից մեկը Արմենին ա պահում, ես վազում եմ, դռները ծեծում եմ, ասում են՝ ինքը մեր հիվանդը չի: Ասում են՝ պետք է գնաս, սննդակարգի մասնագետ ճարես, չունենք, չի համապատասխանում մեր բաժնի հետ: Մարդը մեռնում ա արդեն, ասում են՝ տարեք ստեղ-ընդեղ: Ասում են՝ գրեք, որ ինքը լավ ա, կարելի է տանել դատապարտյալների հիվանդանոց: Ուզում են տանեն ՑԲ, «սկոռու» բժիշկը նստացնում ա աթոռին, ինքը ընկնում ա: Մի կերպ տարան ՑԲ, ու էլի ինձ ասում էին՝ շատ լավ ա: Մի քանի օրից նորից վատացավ: Ու էլի հանրապետականում ոչ մի բժիշկ չէր ընդունում: Ասում էր՝ մեր բաժնում տեղ չկա: Մեկն էլ բժիշկներից ասեց՝ եկեք դրսում սիստեմա միացնենք: Մարդը վատացավ, տարան ռեանիմացիա, երկու օրից դիակը ձեռքս տվեցին: Մահից երկու օր առաջ օրական երկու կիլո սնունդ էին ուզում, միս, յոգուրտ և այլն: Այդ մահամերձ մարդու համար: Բժիշկը մեզ ասում էր՝ էնքան լավ ա, ուզում ա քացով մեզ խփի, մահացած ձեռքս տվեցին: 14 օր նա մնաց հիվանդանոցում»։
Հացադուլի 60 օրերի ընթացքում Արմեն ՄՆացականյանին բազում անգամներ տեղից տեղ են տեղափոխել՝ «Արմավիրից» «Սևան», անտեղից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», այնտեղից՝ 4 անգամ քաղաքացիական հիվանդանոցներ և կրկին հետ: Նա անգամ հիվաննդության պատմագիր չի ունեցել:
Պաշտոնական ատյանները բոլորովին այլ պատկեր են նկարագրում․ ըստ Forrights-ի, պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ շփումներից հետևում է, որ Արմեն Մնացականյանի մահվան մեջ մեղավոր է միայն Արմեն Մնացականյանը:
Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը ասել է, թե՝ «դատապարտյալ Ա․ Մ․-ն հացադուլի ողջ ընթացքում գտնվել է «Արմավիր», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների և ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի մշտական վերահսկողության տակ։ Նրա հետ իրականացվել են բացատրական, հոգեբանական, խորհրդատվական, իրավական և սոցիալական բնույթի համալիր աշխատանքներ հացադուլի և բժշկական օգնությունից հրաժարվելու բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև բացատրվել է, որ իր կողմից բարձրացված հարցերը ՀՀ ԱՆ քրեակատորղական ծառայության իրավասության և լիազորությունների սահմաններից դուրս են, սակայն վերջինս դրսևորել է մերժողական վերաբերմունք և չի դադարեցրել հացադուլը»:
ՄԻՊ գրասենյակից էլ ասել են, որ մշտական կապի մեջ են եղել դատապարտյալի հետ, բազմիցս այցելել են նրան, փորձել են համոզել, որ դուրս գա հացադուլից, բայց նա չի համոզվել:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Նաիրա Բաբայանի խոսքերով, դատապարտյալ Մնացականյանին տեղից տեղ տեղափոխելը կապված է եղել կալանքից ազատազրկման ռեժիմի անցման, այսինքն՝ պահման ռեժիմների փոփոխության հետ․ «Կարգը այսպիսին է․․․»:
Ինչպե՞ս կարող էին հացուլի մեջ գտնվող հյուծված մարդուն հիմնարկից հիմնարկ տեղափոխել։ «Իրավունք կա ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված», – ասել է Բաբայանը:
Հարցին՝ ինչո՞ւ քաղաքացիական հիվանդանոցի բժիշկներին Մնացականյանի հիվանդության պատմագիր չի տրվել, Բաբայանը պատասպանել է․ «Ցանկացած հիվանդանոց տեղափոխվելուց անձը հաստատող փաստաթղթի հետ հիմնարկը քաղվածքի տեսքով տալիս է տեղեկանք դատապարտյալի վիճակի մասին: Հիվանդության պատմագիրը բացվում է, եթե անձը ստացիոնար բուժվում է: Արմեն Մնացականյանը հրաժարվել է բուժօգնությունից: Բացառվում է, որ ՙԱրմենիա՚ ԲԿ-ն պատմագիր չունենա, նա այնտեղ ստացիոնար պառկել է:
Դիտարկմանը, որ նրան խաբելով գրել են տվել, որ հրաժարվում է բուժօգնությունից, նա արձագանքել է, որ բացառում է նման բան, նման դեպք մինչ օրս չի արձանագրվել․ «Ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդանոցը գերծանրաբեռնված է եղել, մենք կապվել ենք այլ հիվանդանոցի հետ, հիվանդին տեղավորել ենք այլ հիվանդանոց»:
Նաիրա Բաբայանը պնդել է, որ Արմեն Մնացականյանի առողջական վիճակի մասին ՔԿՀ-ները շատ տեղեկություններ չեն ունեցել, քանի որ հացադուլի ողջ ընթացքում նա հրաժարվել է հետազոտություններից և բժշկական միջամտություններից․
«Հացադուլավորի պահման կարգը չի խախտվել, ամենօրյա գրառումները կան, բայց դրանք ընդամենը օբյեկտիվ վիճակն է, մնացած հետազոտություններից հիվանդը հրաժարվել է, դրա համար ոչ մի տվյալ չի եղել նրա առողջական վիճակի մասին: Նա մինչև վերջին օրը գիտակցությունը չի կորցրել, հրաժարվել է բժշկական օգնությունից, նույնիսկ «Հրազդան» ԲԿ-ում փորձել են երակային ներարկման տեսքով սնունդ տալ, ինչից նա հրաժարվել է: Իսկ վերջին օրերին «Արմենիա» ԲԿ-ում փորձել են զոնդով կերակրել, զոնդով կերակրել են, քանի որ հացադուլի բարդություններ, աղիքային անանցանելիություն չի եղել»: