Home / Ոստիկանություն / Ոստիկանությունը չի բացատրում՝ ինչու է խմում և ծխում մեր հաշվին

Ոստիկանությունը չի բացատրում՝ ինչու է խմում և ծխում մեր հաշվին

2022 թվականին Ոստիկանությունը մոտ 6․5 միլիոն դրամի կոնյակ և 1 միլիոն դրամի օղի է գնել։ Թե ովքեր են այսքանը խմել՝ ոստիկանության մամլո ծառայությունը չի ասում։

Կառավարության e-gov.am կայքում հրապարակված հաշվետվության համաձայն, 2022 թվականի ընթացքում Ոստիկանությունը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի, 7 միլիոն 440 հազար դրամի` 19 հազար 310 դոլարի կոնյակ և օղի է ձեռք բերել։ Ալկոհոլը մեծամասամբ գնվել է Ագուլիս Մեկ ՍՊԸ-ից՝ Երևանի կոնյակի գործարանի ֆիմային խանութից։

Ալկոմարկետի հետ ընդհանուր առմամբ 18 պայմանագիր է կնքվել․ փետրվարի 14-ին 610 հազար 200 դրամի օղի են գնել, փետրվարի 15-ին՝ 379 հազար դրամի օղի և 892 հազար 560 դրամի կոնյակ։ Եվս 274 հազար 60 դրամի կոնյակ են պատվիրել փետրվարի 16-ին և 460 հազար 800 դրամի՝ փետրվարի 21-ին։ Արդեն մայիսի 25-ին ոստիկանները ընդհանուր 377 հազար 300 դրամի կոնյակ են պատվիրել, ևս 203 հազար 400 դրամի կոնյակ է գնվել հունիսի 13-ին։ Հուլիսի 26-ին և 27-ին ձեռք է բերվել համապատասխանաբար 73 հազար 440 և 47 հազար 40 դրամի կոնյակ։ Օգոստոսի 15-ին և 16-ին կոնյակի գնման 4 պայմանագիր է կնքվել՝ ընդհանուր 2 միլիոն 644 հազար 50 դրամ արժողությամբ։ Սեպտեմբերի 2-ին գնվել է ընդամենը 23 հազար 200 դրամի ծիրանի օղի, իսկ նոյեմբերի 15-ին՝ ընդհանուր 654 հազար 300 դրամի կոնյակ։ Եվս 800 հազար 550 դրամի կոնյակ ձեռք է բերվել դեկտեմբերի 9-ին։

Epress.am-ը դիմել էր Ոստիկանության լրատվական բաժին՝ պարզելու, թե ում է բաժին հասել հազարավոր դոլարների ալկոհոլը։ Ոստիկանությունից հարցին պատասխանել հրաժարվեցին։ Խոսնակն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել և սպասել։

Մոտ 20 հազար դոլարի խմիչք գնելուց բացի՝ ոստիկանությունը բյուջետային միջոցներով նաև 329 հազար 160 դրամի սիգարետ է առել (պայմաբագիրը կնքվել է օգոստոսի 30-ին՝ Սիգարոն ՍՊԸ-ի հետ)։

Եվս 4 միլիոն 34 հազար 250 դրամ ծախսվել է սննդի վրա․ այս ծախսերը ձևակերպվել են որպես «ճաշկերույթ», «լանչի կազմակերպում», ուղղակի «սնունդ», նաև՝ «ֆուրշետի տրամարդում», «հյուրասիրություն», «ճաշի կազմակերպում» և այլն։ 2022 թվականի ընթացքում Ոստիկանությունը երկու անգամ «Շոկոլադե հավաքածուներ» է գնել՝ ընդհանուր 1 միլիոն 60 հազար դրամով։

Եվս 1 միլիոն 417 հազար 720 դրամ ծախսվել է «ներկայացուցչական» «արարողարկագային» ծառայությունների վրա։ Թե ինչ ծառայությունների մասին է խոսքը՝ պարզ չէ, պայմանագրերից մի քանիսը կնքվել են ռեստորանների կամ սննդի օբյեկտների հետ։

հ․գ․ 2020 թվականին Ոստիկանությունը նաև մեկ «ձեռագործ բամբակյա գորգ» է գնել՝ 996 հազար դրամով։