Home / Բանակ / Շորտիկի համար արցախցուն տանում են բանակ

Շորտիկի համար արցախցուն տանում են բանակ

Մասիվի զինկոմիսարիատը 32-ամյա Էդուարդ Հայրումյանին որպես պատիժ ուղարկել է 25-օրյա հավաքների։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել է ինքը՝ Հայրումյանը։ Նա «Marshall Military» զինվորական համազգեստների խանութի հիմնադիրն է, ասում է՝ բանակ գնալը այնուամենայնիվ պատիվ է համարում և սիրով համաձայնել է մեկնել առաջին իսկ վարժանքներին։ 

Հայրումյանին Պաշտպանության նախարարության աշխատակիցները որոշել են «պատժել» կարճ տաբատով զինկոմիսարիատ մտնելու համար։ Նրան առօրեական հագուկապով տեսնելով՝ զինկոմիսարիատի պետ Վարդերեսյանը ասել է․ «Էս ի՞նչ ձևով ես եկել, գնա շալվար հագի, նոր արի»։ 

Հայրումյանը բացատրել է՝ չի հասցնի գնալ տուն և փոխվել, անձնագրային վարչությունը շտապ պահանջել է ՊՆ-ից հաշվառման փաստաթուղթ բերել, որպեսզի արագացված ռեժիմով անձնագիր տա իրեն։ Եթե մեկ օրից՝ օգոստոսի 2-ին, անձնագիր չստանար, չէր կարողանա մեկնել վաղուց պլանավորված հանգստի՝ Կիպրոս։ 

«Տեսնելով, որ շորտիկը փոխել տալ չի ստացվի՝ զինկոմիսարիատի աշխատողը հաշվառման թերթիկի հետ միասին ինձ տալիս է նաև հավաքների մասին ծանուցում։ Պետն ասել ա՝ եթե համարձակվել ես շորտիկով գաս մտնես իմ կաբինետ, ուրեմն կկանչվես առաջիկա զորակոչին», – Epress.am-ին պատմել է Հայրումյանը։ 

Նրա խոսքով՝ զինկոմիսարիատը իրեն զորակոչելու իրավունք առհասարակ չուներ։ Օգոստոսի 1-ի դրությամբ ինքը դեռ փախստական էր համարվում։ Թեև վերջին 16 տարիներին Էդուարդը ապրել է Հայաստանում, նա Լեռնային Ղարաբաղի անձնագիր ուներ, հաշվառված էր Ղարաբաղում։ Դիմել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, բայց նոր անձնագիր դեռ չէր ստացել։ 

Պաշտպանության նախարարությունից Epress.am-ի հարցմանն ի պատասխան հերքել են Հայրումյանի պատմածները՝ չանդրադառնալով զինկոմիսարիատի պետի բանավոր արտահայտություններին․ «Հագուստի համար կամ պատճառով որևէ մեկին ծանուցագիր չի տրվում»։ 

Թեև Հայրումյանը պնդում է, որ Հայաստանի քաղաքացիություն ծանուցում ստանալու պահին դեռ չուներ, անձնագիր դեռ չէր ստացել, Պաշտպանության նախարարությունը գրում է․ «Էդուարդ Հայրումյանը ՀՀ քաղաքացի է, զինապարտ, և նրան վարժական հավաքների ծանուցագիր տրվել է բացառապես օրենքով սահմանված կարգով զինված ուժերի պահեստազորում հաշվառվելուց հետո՝ հաշվի առնելով նրա զինվորական հաշվառման մասնագիտությունը։ Քաղաքացիություն շնորհվել է ՀՀ նախագահի 19.07.2024թ.  հրամանագրով, ծանուցումն ուղարկվել է 10-օրվա ընթացքում, որից հետո՝ համաձայն ՀՀ կառավարության թիվ 1390-Ն որոշման 24-րդ կետի, վերջինս համարվում է պատշաճ ծանուցված: Քաղաքացին երդումն ընդունել է 01.08.2024թ.-ին, ինչը օգոստոսի 1-ին հավաստել է իր ստորագրությամբ և օրենքով սահմանված կարգով հաշվառվել է զինված ուժերի պահեստազորում: Ուստի պնդումները, թե օգոստոսի 1-ի կամ օգոստոսի 2-ի դրությամբ նշված անձը քաղաքացի չի հանդիսացել, ԶՈՒ պահեստազորում հաշվառված չի եղել և չէր կարող վարժական հավաքի կանչվել, չի համապատասխանում իրականությանը»։

Ստացվում է, ըստ ՊՆ-ի, որ կարելի է Լեռնային Ղարաբաղից փախստականին քաղաքացիություն տալ և անմիջապես զորակոչել։