Հաջորդ տարվա մարտից Կառավարությունը պատրաստվում է 10 տարով մասնավոր ընկերությանը պատվիրել կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Մրցույթը հաղթած ընկերությունը ո՛չ միայն կզբաղվի փաստաթղթերի տպագրությամբ, այլև իր վրա կվերցնի անձնագրային բաժնի բոլոր գործառույթները։
Ներքին գործերի նախարարության մրցույթին 2024-ի մարտին մասնակցել են հինգ միջազգային ընկերություններ, որակավորվել են երեքը՝ երկու գերմանական և մեկ ֆրանսիական։ Մրցույթի արդյունքում կընտրվի նրանցից մեկը։
Պետության հերթական գործառույթի աութսորսը և բիոմետրիկ անձնագրերի վերադարձը Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը արդարացրել է «Եվրամիության հետ վիզաների ազատականացման» անորոշ հեռանկարով։
Նոր կազմակերպությունը դեռ չի եկել, վիզաների ազատականացման շուրջ խոսակցությունները հռետորական են, բայց կառավարությունն արդեն անձնագրայինների «օպտիմալացում» ու անձնակազմի կրճատումներ է սկսել։ Վերջերս, օրինակ, փակել են Չարենցավանի և Վարդենիսի անձնագրային բաժինները։
Երևանում չվերջացող հերթեր են, անձնագիր ստանալու համար մայրաքաղաքի բնակիչները մարզեր են մեկնում։ Իրավիճակը բարդացել է Սոցապ նախարարության և Միգրացիոն ծառայության պատճառով․ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին հարկադրում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ, բայց ոչինչ չեն անում՝ մարդկային մեծ հոսքերը կառավարելու համար։ Մարդիկ բողոքում են խցանումներից, համընդհանուր խառնաշփոթից (ղարաբաղցիները վերջը Հայաստանի քաղաքացի էին, թե՞ ոչ, եթե Հայաստանի քաղաքացի չէին, ինչպե՞ս էին պետական պաշտոններ զբաղեցնում, զորակոչվում և այլն), պահանջում են համալրել անձնակազմը, ավելացնել բաժինները։
ՆԳՆ-ն կարծում է, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել պետական ծառայությունը մասնավորին պատվիրակելով։ Սա, ի դեպ, նոր բան չէ Հայաստանի համար։ Կարելի է հիշել Սանիթեքի օրինակը, որին պատվիրակվել էր Երևանի աղբահանությունը, կամ Վեոլիային, որը պետք է ջրմուղ-կոյուղու կառավարմամբ զբաղվեր։ Առնվազն այս դեպքերում աութսորսը ոչ միայն չլուծեց առկա խնդիրները, այլև նոր անհարմարություններ ստեղծեց պետական և համայնքային իշխանությունների համար։
անորակ և ապօրինի
Աութսորսը նոր բան չէ նաև անձնագրային ծառայությունների համար։
2012-ին կենսաչափական անձնագրերի տպագրման գործառույթը հանձնվեց Լեհաստանում մենաշնորհ ունեցող, թղթադրամների և անձնագրերի տպագրությամբ զբաղվող «Լեհական արժեթղթերի արտադրամաս» (PWPW S.A.) ընկերությանը։ Այն ժամանակ էլ էին սա նույն կերպ արդարացնում՝ «Եվրամիության հետ մերձեցում»։
2014-ին բիոմետրիկ անձնագրերը դարձան պարտադիր։ Զուգահեռաբար ներդրվեցին նույնականացման (ID) քարտերը։ Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրն արժեր 25 հազար դրամ, նույնականացման քարտը՝ 3 հազար դրամ:
«Այն ժամանակ երկրից դուրս գնալու համար «հասարակ» անձնագրում կնիք էին խփում, երբ որ անձնագրի ժամկետը լրանում էր, արդեն պարտադիր պետք էր բիոմետրիկ հանել։ Բիոմետրիկը 10 տարով էր և 25 հազար դրամ արժեր։ Ստացվում էր, որ կապույտ բիոմետրիկը զագռան էր, իսկ նույնականացման քարտը՝ ներքին անձնագիր։ Բիոմետրիկ անձնագրերը կարճ ժամանակ հետո դարձան ոչ պարտադիր, հիմա չեն էլ տպվում։ Անիմաստ փող տվեցինք։ Հարկեր վճարելու համար պարտադիր ID պետք էր հանել, հիմա էլ է այդպես, բայց ID-ն արդեն առանց չիպ է», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Վահանը։
Պետության հետ կնքված պայմանագրի համաձայն, լեհական ընկերությունը պետք է 300 հազար անձնագիր տպեր՝ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ։
2012-ին «Լեհական արժեթղթերի արտադրամասը» Հայաստանում 1426 կենսաչափական անձնագիր և 27451 նույնականացման քարտ է տպել, որի դիմաց ստացել է (համապատասխանաբար՝ 37.42 եվրո և 5.52 եվրո) 108 մլն 478.2 հազ. դրամ։
300 հազար անձնագիր տպելուց և մոտ 12 մլն դոլար աշխատելուց հետո ընկերությունը հեռացավ։ Պայմանագիրը չերկարաձգեցին, Հայաաստանը հետ վերադարձավ հին նմուշի անձնագրերին։ 25 հազար դրամ պետտուրք վճարելն ու կենսաչափական անձնագիր ստանալն էլ պարտադիր չէր: Իսկ 25 հազար դրամ վճարած անձինք իրենց գումարներն այդպես էլ հետ չստացան։
Ոստիկանությունից այս որոշումը մեկնաբանել էին նրանով, որ ցանկանում են նոր՝ ավելի որակյալ կենսաչափական անձնագրեր պատվիրել։ Լեհական ընկերության թողարկած անձնագրերի որակից, իբրև թե, պետությունը գոհ չէր։
Բայց խնդիրը, ըստ այն ժամանակվա Անձնագրայինի պետ Մնացական Բիչախչյանի, միայն տեխնիկական չէր՝ Սահմանադրական դատարանի որոշում կար, որը ստիպում էր վերանայել հաստատված քաղաքականությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Բարձր դատարանը քննել էր «Նույնականացման քարտերի մասին» օրենքի և «Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի որոշ հոդվածների անհամապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Որոշ կրոնական ակտիվիստներ հրաժարվել էին կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալուց և դիմել դատարան՝ պարտադրանքը համարելով հակասահմանադրական։
ՍԴ-ն հաստատել էր՝ չի կարելի անձին պարտադրել օնլայն փաստաթուղթ ստանալ, մատնահետք հանձնել և ստորագրություն տալ: