Ավստրալիայում մինչև 16 տարեկաններին կարգելեն օգտվել սոցիալական ցանցերից։ Երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի խոսքով՝ նոր օրենսդրական նախաձեռնությունը, որը Ազգային ժողով կմտնի հաջորդ շաբաթ, կոչված է պաշտպանել երեխաներին սոցիալական ցանցերի հասցրած վնասներից։
«Սա արվում է հանուն բոլոր ծնողների։ Նրանց, ինչպես և ինձ, շատ է անհանգստացնում մեր երեխաների անվտանգությունը համացանցում։ Ես ցանկանում եմ, որ Ավստրալիայի ընտանիքներն իմանան՝ կառավարությունն անհանգստանում է իրենց համար», – ասել է վարչապետը։
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ արգելքը չի տարածվի այն երեխաների հանդեպ, ովքեր արդեն իսկ ունեն հաշիվներ սոցիալական ցանցերում։ Միաժամանակ, նախատեսվում է, որ երեխաների գրանցման արգելքը կդառնա համընդհանուր, և բացառություններ չեն լինի՝ նույնիսկ եթե կա ծնողի համաձայնությունը։
Ալբանեզեի խոսքով՝ օրենքը խախտող օգտատերերը չեն տուգանվի։ Իսկ օրինազանցների վերահսկմամբ պետք է զբաղվեն հենց սոցիալական ցանցերը․ նրանք ինքնուրույն պետք է սահմանափակեն երեխաների հասանելիությունն իրենց ծառայություններին։
Ավստրալացի որոշ փորձագետներ նշում են՝ սոցիալական մեդիան կարող է վտանգել երեխաների հոգեկան առողջությունը, սակայն վստահ չեն, որ համապարփակ արգելքն արդյունավետ լուծում է․ նման սահմանափակումները կարող են միայն հետաձգել երեխաների շփումն այնպիսի սոցիալական ցանցերի հետ, ինչպիսիք են TikTok-ը, Instagram-ը և Facebook-ը։
Երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախկին փորձերն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրամիությունում, ավարտվել են անհաջողությամբ կամ հանդիպել հենց սոցցանցերի հակազդեցությանը։
Ավելին, անհասկանալի է արգելքի արդյունավետությունն այն դեպքում, երբ համացանցում հասանելի են տարիքի ստուգման պահանջները շրջանցելու բազմաթիվ գործիքներ:
Ավստրալիայի երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ Երեխաների իրավունքների աշխատանքային խումբը հայտարարել է, որ 16 տարեկանից ցածր դեռահասների համար սոցցանցերի օգտագործման ամբողջական արգելքը «չափից դուրս ոչ ընտրողական գործիք է»:
Խումբը ավելի քան 100 գիտնականների և 20 ՀԿ-ների կողմից ստորագրված բաց նամակ է ուղղել կառավարությանը՝ կոչ անելով արգելքի փոխարեն անվտանգության չափանիշներ սահմանել սոցիալական ցանցերի համար։
Նամակի հեղինակները մեջբերում են ՄԱԿ-ի ռեկոմենդացիաները, ըստ որոնց՝ առցանց անվտանգության ազգային ստանդարտները «պետք է նպատակ ունենան օգուտ տալ երեխաներին՝ թվային տեխնոլոգիաների հետ շփումից և ապահովեն անվտանգ մուտքը դեպի համացանց»:
Որոշ խմբեր և կազմակերպություններ էլ Ավստրալիայի կառավարությանը կոչ են անում ընդհանրապես փակել ինտերնետը դեռահասների համար՝ վնասակար բովանդակությունից, ապատեղեկատվությունից և բուլինգից նրանց պաշտպանելու համար: Արգելքի կողմնակից 36Months նախաձեռնող խումբը պետիցիա է հրապարակել, որի տակ ստորագրել է ավելի քան 125 հազար մարդ։
Փաստաթղթում ասվում է, որ երեխաները «պատրաստ չեն անվտանգ օգտագործել սոցիալական մեդիան, իսկ դրանց ակտիվ օգտագործումը փոխում է երիտասարդ ուղեղը մտավոր զարգացման համար կարևոր պահին՝ հանգեցնելով հոգեկան հիվանդությունների համաճարակի»: