Home / Առողջապահություն / Փակվող ծննդատան աշխատողները վերջնահաշվարկ են պահանջում

Փակվող ծննդատան աշխատողները վերջնահաշվարկ են պահանջում

Երևանի քաղաքապետարանն այսօր հորդորել է Քանաքեռ-Զեյթունի ծննդատան մոտ 70 աշխատակիցներին գործից դուրս գալու դիմում գրել, եթե ուզում են ստանալ հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Քաղաքի պետական վերջին ծննդատունը փակվելու է երկու ամսվա մեջ, աշխատողները չեն ստացել նաև շուրջ 11 ամսվա աշխատավարձ և երկու ամսվա հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանը նրանց այսօր ասել է, որ չի կարող անվերջ վճարել չաշխատող մարդկանց համար։ Ծննդատան չաշխատելու մեջ էլ մեղադրում է կառավարչին՝ ԴԻ ՎԻ ՍԱՆ ընկերությանը։ «Այդ ժամանակվա քաղաքապետից (Հայկ Մարության-խմբ․) հարցրեք՝ ինչու հավատարմագրով կառավարումը ստացած ընկերությունը ներդրումներ չի արել»,- ասել է նա։

Բուժաշխատողները պահանջել են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կամ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի հետ։

«Ուզում են դիմում գրենք, որպեսզի խուսափեն վերջնահաշվարկ վճարելուց։ Եթե ուզում են, թող մեզ հեռացնեն գործից։ Բանավոր խոստումներին մենք արդեն չենք հավատում։ Եթե այսպես շարունակվի, մենք կոլեկտիվով կդիմենք Վարչական դատարան», – Epress.am-ին ասել է մանկաբույժ Անուշը, ով 36 տարի աշխատել է ծննդատանը։

Բուժաշխատողների կարծիքով քաղաքապետարանը պետք է պարզապես վերացնի թերությունները, որոնք մատնանշել է Առողջապահության նախարարությունը։ «Մենք կվերացնենք թերությունները։ Վերաբացումից հետո հին աշխատողները առաջնահերթ կընդունվեն հետ գործի, եթե հաղթահարեն մրցույթը», – ասել է Դավիթ Կարապետյանը։

Կառավարիչը, ըստ բուժաշխատողների, հիվանդանոցի ներդրումային ֆոնդն օգտագործել է և այժմ ջերմոցային բիզնեսով է զբաղվում։

«Կառավարիչն էլ ասում է, որ քաղաքապետարան դիմեք։ Իրենք վաղուց հայտարարում են, որ հիվանդանոցը փակ է, ուզում են մեզ սնանկացման տանել և շենքն այլ ընկերության հանձնել», – ասում է աշխատողներից մեկը։