Home / Համայնքներ / Հիփոթեքը պարտաճանաչ վճարում ենք, բայց մեր տունը չեն տալիս

Հիփոթեքը պարտաճանաչ վճարում ենք, բայց մեր տունը չեն տալիս

Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցվող Մամիկ Ռեզիդենս բազմաբնակարան շենքի բնակիչներն առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում՝  Քաղաքապետարանից պահանջելով օգնել կառուցապատողից ստանալ իրենց բնակարանները։ Նրանք բնակարանները գնել են 2022 թվականին, «Կվադրատ» ՍՊԸ կառուցապատողը և «Բարս» անշարժ գույքի գործակալությունը խոստացել են, որ շենքը ամենաուշը 2-3 ամիս հետո կհանձնվի շահագործման, սակայն մինչ օրս չեն կարողանում բնակվել իրենց տներում։ Ընդ որում քաղաքացիները պնդում են, որ բնակարանը գնել են շուկայականից թանկ գնով, քանի որ իրենց վստահեցրել են, որ բնակարանները շուտ կստանան։

«Այդ շենքը 2012 թվականին արդեն կանգնած է եղել, սակայն դատական պրոցեսներ են սկսել՝ կողքի շենքի բնակիչների բողոքների հիման վրա», – լրագրողներին պատմել է գնորդներից մեկը։

Այնուհետև շենքը գնել է Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ)։ Նրա մահից հետո փաստացի սեփականատերը նրա որդին է՝ Արմեն Հակոբյանը։

«Արմենը չի զբաղվում շենքով․ կամ չի գալիս հանդիպմանը կամ խաբում է՝  նոր ժամկետներ է ասում։ Արդեն չորս անգամ երկարացրել է։ Դասական Ճոյտի տղա է», – ասել է շենքի պոտենցիալ բնակիչը։

Գնորդները պնդում են, որ շենքն արդեն պատրաստ է, անգամ բնակարանների մեծ մասն է վերանորոգած․ մարդիկ կարող են ցանկացած պահի մտնել և ապրել։ Միայն պետք է ջրի երկու պոմպ և հակահրդեհային համակարգ տեղադրել։ Մարդիկ հուսահատությունից պատրաստ են դրա համար էլ վճարել, միայն թե ստանան իրենց տները։ Շենքը շահագործման հանձնելու համար, սակայն, անհրաժեշտ էր դեռ մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանից ավարտական ակտ ստանալ, որը պետք է անի կառուցապատողը։

«Մեզ մոտ արդեն կարծիք կա, որ ինքը միտումնավոր սնանկացման է գնում», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք այսօր զրուցել են Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանի հետ։ Վարդազարյանն ասել է, որ կառուցապատողը երեկ նոր դիմել է ավարտական ակտի համար, քաղաքապետարանն ընդառաջել է և ասել, որ երեք ամսով կերկարացնի փաստաթղթերը հավաքելու և այլ բյուրոկրատական հարցերի համար նախատեսված ժամկետը։

«Մենք եռակողմ պայմանագիր ենք կնքել կառուցապատողի և բանկի հետ։ Բանկը մեզ չի պաշտպանում, որովհետև ներգրավված է պրոյեկտի մեջ, կառուցապատողը ոչինչ չի անում։ Իրավական տեսանկյունից բոլորս էլ գիտենք, որ փակուղի է։ Եթե դիմենք դատարան, ինքը կսնանկանա, հինգից յոթ տարի լավագույն դեպքում այդ պրոցեսը կընթանա և մենք մեր բնակարանները չենք ստանա։ Հիմա ստացվել է մի իրավիճակ, որ մենք պարտաճանաչ վճարում ենք մեր հիփոթեքը, բայց ոչ մեկ մեզ չի պաշտպանում։ Քաղաքապետարանին խնդրում ենք ուշադրություն դարձնել մեր խնդրին», – բողոքել է ակցիայի մասնակիցը։