Ժամկետային զինծառայողների ծնողները խնդրում են, որ 2-ից 1,5 տարի կրճատված ծառայության ժամկետը տարածվի բոլոր զինվորների վրա։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2026-ի հունվարին․ ձմռանը զորակոչվածները 1․5 տարի են ծառայելու, անցած ամռանը բանակ գնացածները՝ 2։
Վերջիններիս ծնողներն այսօր հավաքվել էին պաշտպանության նախարարության մոտ, որ խնդրեն իշխանություններին ուղղել այս անարդարությունը․ «Երեխաները նեղվում են, որ իրենց հասակակիցները պատահականությամբ ավելի քիչ են ծառայելու․ օր առաջ տուն գնալուն սպասում է ամեն զինվոր»։
Ծնողները հուշում են՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները կարող են ունենալ հետադարձ ուժ: Նրանք վստահ են, որ օրենքի այսպիսի կիրառումը սոցիալական լարվածություն է ստեղծելու բանակում և վատթարացնելու է բարոյահոգեբանական վիճակը:
Ծնողները հատուկ ընդգծում էին՝ բանակում ծառայող իրենց երեխաները ակցիայի մասին տեղյակ չեն, իրենք սեփական նախաձեռնությամբ են որոշել բարձրաձայնել խնդրի մասին։ Քանի դեռ տղաները բանակում են, ոչ ոք պատրաստ չէ խոսել այլ պրոբլեմներից․ ակցիայի մասնակիցները պարբերաբար շեշտում էին, որ չեն քննադատում ո՛չ բանակը, ո՛չ ռազմական ղեկավարությանը, ո՛չ կառավարությանը, և «քաղաքական հարցեր քննարկել չեն ուզում»։
Ցուցարարները պատվիրակների էին ուղարկել՝ բանակցելու նախարարի խորհրդականների հետ։ Վերջիններս ասել են, որ ամեն ինչ հաշվարկված է ներկա օրենքում․ եթե փոփոխեն այն, «կվնասեն բանակին»:
Ծնողները խնդրել են գոնե շատացնել արձակուրդները նրանց համար, ում բախտը չի բերել: Այդ հարցում էլ պաշտոնյաները ոչինչ չեն խոստացել: Համաձայնվել են բարձրացված հարցերը ներկայացնել նախարարին։
Epress.am Լուրեր Հայաստանից