Գերմանացի գիտնականները համոզված են, որ թափթփվածությունը հոգեկան հիվանդություն է: Նրանք նույնիսկ հատուկ տերմին են մտածել այս հիվանդության համար` կոչելով այն «մեսսի սինդրոմ»` հիմք ընդունելով անգլերեն messy բառը, ինչը թարգմանաբար նշանակում է խառը, կեղտոտ, թափթփված: Փորձագետների հաշվարկով Գերմանիայում ավելի քան 2 միլիոն մարդ տառապում է այս հիվանդությամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հիվանդության հիմնական նախանշաններից է այն, որ մարդը ապրում է անպիտան իրերով լեցուն, կեղտոտ բնակարանում, ամանները չի լվանում, հատակը չի մաքրում:
Հաճախ նման հատկանիշները աչքաթող են արվում, այնինչ դրանք խանգարում են մարդուն լիարժեք կյանքով ապրելուն, հետևաբար սա լուրջ հիվանդություն է: Հիվանդի վիճակը ժամանակի ընթացքում դեպի վատն է գնում, իսկ տունը իսկական աղբանոցի է վերածվում:
Այս հիվանդությունը հանկարծակի է ի հայտ գալիս: Տանը հայտնվում են անպիտան առարկաներ, իսկ դրանցից ազատվելու փորձը հիստերիայի և տագնապի մեջ է գցում դրանց «տիրոջը»:
«Մեսսի սինդրոմի» զարգացմանը կարող է նպաստել հոգեբանական ցնցումը, ինչպես օրինակ հարազատ մարդու կորուստը, երբ ցանկություն է առաջանում պահել հարազատին հիշեցնող իրերը:
Գիտնականների կարծիքով`հիվանդության առաջացման պատճառ կարող է լինել նաև ժլատությունը: Բժիշկների կարծում են, որ հնարավոր չէ լիովին ազատվել այս հիվանդությունից, բայց կարելի է օգնել մարդկանց կարգավորել իրենց կյանքը: