Հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վրա կատարած մահափորձը կարող է կապված լինել ՌԴ ՆԳՆ-ի կամ Անվտանգության դաշնային ծառայության պատվերի հետ:
Ռուսաստանյան «Նովայա գազետա» օրաթերթի տվյալներով՝ կրիմինալ հեղինակությանը հաճախ էին հրավիրում որպես դատավոր հանդես գալ խոշոր գործարարների ֆինանսական վեճերի ժամանակ: Այդ «ռազբորկաները» հաճախ տեղի էին ունենում Մոսկվայի «Ստարայա կիբիտկա» ռեստորանում« որտեղ սիրում են հավաքվել ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի բարփրաստիճան աշխատակիցները:
Համաձայն թերթի տվյալների՝ Ուսոյանը մասնակից է եղել մի քանի գործերի, որոնցում խառնված են եղել նաև ՆԳՆ աշխատակիցները: «Կիբիտկայում» կայացած «սխոդկաներից» մեկի ընթացքում ռեստորան են ներխուժել ռուսաստանյան ՆԳՆ-ի սպեցնազի և ոստիկանության աշխատակիցները, ովքեր ձերբակալել են ներկաներին, սակայն հետագայում Ուսոյանից ներողություն են խնդրել և բաց թողել:
Օրաթերթը նշում է, որ այս պահին Ռուսաստանի մայրաքաղաքում շատ խնդիրներ կան, այդ թվում՝ ղեկավարության հնարավոր փոփոխությունը, Չերկիզովսկոյե շուկայի հետ կապված հաևցերը, Սոչիի շինարարական «ատկատները»: Այս խնդիրներին ներգրավվածությունը կարող էր կապ ունենալ նաև Դեդ Հասանի վրա իրականացրած մահափորձի հետ: