ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ԱՄԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ:
ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմին գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների և համաժողովի աշխատանքի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա նշել է, որ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ են քննարկվել, որոնք հաջողությամբ կյանքի կկոչվեն` նկատի առնելով երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ երկկողմ գործնական և արդյունավետ ջանքերը:
Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը` հույս հայտնելով, որ հետագա նիստերում հանձնաժողովը կքննարկի և տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծեր կհաստատի ու կյանքի կկոչի: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: