Home / Армения / Արձանագրությունների վավերացումը Սերժ Սարգսյանի գործն է, կարծում է ԱԺ նախագահը

Արձանագրությունների վավերացումը Սերժ Սարգսյանի գործն է, կարծում է ԱԺ նախագահը

Դեկտեմբերի 6-ին` ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին օրվա ընթացքում, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարց է ուղղել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, հաղորդում է 7or.am-ը:

Մարտիրոսյանը նշել է, որ վերջին շաբաթը լեցուն էր WikiLeaks-ի աղմկահարույց բացահայտումներով, և ըստ այդ արտահոսքերի՝ պարզ դարձավ, որ թուրքական իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է եղել  զուտ հայ-թուրքական գործընթացը՝ ոչ թե իրական հաշտեցումը, իսկ հայ-թուրքական արձանագրությունները դեռևս ՀՀ ԱԺ մեծ օրակարգում են:

«Ժամանակը չէ՞, որ արդեն նաև այդ վերջին բացահայտումների ֆոնի վրա իսկապես Ազգային ժողովի մեծ օրակարգից հետ վերցվեն հայ-թուրքական արձանագրույթունները և ընդհանրապես հայկական կողմն իր ստորագրությունը չեղյալ հայտարարի դրանց վրայից»,– Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասել է.

«Պարոն Մարտիրոսյան, դուք գիտեք, որ դա Հանրապետության նախագահի և կառավարության առաջարկությունն է, որ պետք է վավերացնենք այդ արձանագրությունները Ազգային ժողովում, նաև գիտեք, որ ՀՀ նախագահը կասեցրել է այդ արձանագրությունների գործընթացը, որը գտնվում է Ազգային ժողովում: Հիմա Ազգային ժողովի լիազորությունների հետ դա կապ ունի՞, թե՞ չունի: Չունի, իմ կարծիքով, և դա Հանրապետության նախագահի լուծելիք հարցն է»: