Օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարը իր տաղավարում հյուընկալել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին: Ուղիղ եթերում քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց հարցերն ուղղել Ամալյանին: Օրաթերթը նույնպես օգտվել է այդ հնարավորությունից:
Ամալյանին հարց ուղղեցինք` օրվա թեմայի շրջանակներից փոքր-ինչ դուրս: Հաղորդման վերջում հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը մեր հարցն ուղղեց Ամալյանին` «Գրիգոր Ամալյանը գովազդային բիզնեսում «փայ ունի՞», թե «ոչ»: Ամալյանի դեմքի ինքնավստահ արտահայտությունը միանգամից փոխվեց, ու նա մի քանի վայրկյան անհասկանալի ձայներ` կմկմոցներ հանելուց հետո ցածրաձայն ասաց` «ոչ» ու ավելացրեց, թե այդ հարցը սպասում էր հենց մեզանից: Ամալյանի կանխազգացումները, մեղմ ասած, փաստարկ չեն և չեն կարող համոզել ոչ միայն մեզ, այլ նաև TV աշխարհի ներկայացուցիչներին ու, առավել ևս` հայ հեռուստադիտողին: Հակառակը` փաստարկների բացակայությունն ինքնին հաստատեց, որ Ամալյանը գովազդային բիզնեսի դերակատարներից է, ավելին` կոնկրետ «փայ ունի» հայկական որոշ հեռուստաընկերությունների գովազդային շուկայից: Մեխանիզմը հետևյալն է. իքս հեռուստաընկերությունը իքս գովազդն իր եթերում տեղադրում է իքս գումարով, իսկ Ամալյանը կարողանում է TV-ի «ասած» գինը մինչև 50 տոկոս «քցել»: Արդյունքում` նա շահագրգռում է գովազդատուին` էժան գներով, որտեղ ինքն «իր փայն» է ունենում և գովազդատուից, և հեռուստաընկերությունից: Ի դեպ, մենք սրա մասին մի անգամ առիթ ունեցել ենք խոսելու: Հրապարակված նյութը և փաստը Ամալյանը չի հերքել, ինչպես դա չարեց օրեր առաջ «Ուրվագծի» եթերում: Այնպես որ, Սերժ Սարգսյանը կարող է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի հատ էլ «քննել» ՀՌԱՀ նախագահին, եթե, իհարկե, «փայի մասով» կասկածներ ունի: