«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» պարբերականը հրապարակել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 1997 թվականի նամակները` ուղղված իր ամերիկացի գործընկեր Բիլ Քլինտոնին: Նամակներից մեկում Ռուսաստանի նախկին առաջնորդը խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
«Պատմականորեն այնպես է ստացվել, որ Անդրկովկասը Ռուսաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ռուսական քաղաքականության հիմնական խնդիրն այս տարածաշրջանում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, կայունություն պահպանելն է, տարածքային ամբողջականության ապահովման գործընթացին նպաստելը: Այդուհանդերձ, Անդրկովկասը, ցավոք սրտի, հետխորհրդային տարածքում դասվում է ամենապայթյունավտանգ կենտրոնների շարքին:
Գոհացուցիչ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր երկրների միջև ստեղծված փոխահամագործակցությունը: Նախագահ Հեյդար Ալիևի վերջին այցի ժամանակ այդ հակամարտության հարցը բանակցությունների առանցքային կետն էր:
Զրույցը, իհարկե, դյուրին չէր, սակայն մենք կարողացանք համաձայնության գալ, որի արդյունքում էլ հնարավոր եղավ համոզել նախագահ Ալիևին հակամարտության կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ ավելի կառուցողական և ճկուն մոտեցումներ ցուցաբերել:
Հրահանգներ են տրվել Ռուսաստանի ԱԳ նախարարին ավելի ինտենսիվ աշխատել հակամարտող կողմերի հետ: Սակայն չէի ցանկանա, որ իմ այս խոսքերը մեկնաբանվեին որպես Ռուսաստանի ձգտում մենաշնորհային դեր ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Նախնական պայմանավորվածության համաձայն` մենք կշարունակենք գործել երեք համանախագահող երկրների ձևաչափով: Եվ չենք պատրաստվում նահանջել: Դեռ ավելին` իմ կարծիքով, պետք է զարգացնել հակամարտող կողմերի վրա դրական ազդեցությունը, որն առկա էր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների` Դենվերում արված հայտարարություններից հետո, այն մասին, որ պետք է ուժեղացնել քաղաքական ճնշումը:
Անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերը անմիջականորեն զգան երեք գերտերությունների շնչառությունն իրենց մեջքի հետևում, հասկանան, որ խաղաղության և համաձայնության հանգեցնող ռացիոնալ առաջարկություններից բացի, այլ ճանապարհ չկա: Ձեր կողմից ակնկալում եմ փոխըմբռնում վերոնշյալ հարցերում: Մեր կողմից` մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ Անդրկովկասում և ամբողջ աշխարհում` խաղաղության հաստատման համար»,- գրել է Բորիս Ելցինը: