Home / Հայաստան / Երթ Լոս Անջելեսում` նվիրված ամուսնու կողմից սպանված կնոջ հիշատակին

Երթ Լոս Անջելեսում` նվիրված ամուսնու կողմից սպանված կնոջ հիշատակին

Հունվարի 30-ին Լոս Անջելես քաղաքում փոքր հանրահավաք և երթ կանցկացվի` նվիրված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի հիշատակին, ով հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ամուսնու և սկեսրոջ ծեծի ենթարկվելու ու բազմաթիվ խոշտանգումների հետևանքով մահացել է: Այս մասին հայտնում է asbarez.com կայքը:

Լոս Անջելեսի հայկական «Միացյալ իրավունքերի խորհուրդ» կազմակերպությունը կոչ է անում բոլորին մասնակցելու երթին` իր հաղորդագրության մեջ նշելով, որ նման ձևով իրենք ցույց կտան կառավարություններին, որ պետք չէ աչք փակել և լռել կանանց նկատմամբ բռնության դեպքերի նկատմամբ:

«Մենք երթ կանցկացնենք, և մեր աջակցությունը կհայտնենք Հայաստանի ակտիվիստներին, ովքեր անում են ամեն ինչ երկրում դրական փոփոխությունների հասնելու համար: Մենք երթ կանցկացնենք` պահանջելով հայաստանյան իշխանություններից անհապաղ քայլեր ձեռրնարկել պատժելու և կանխելու կանանց նկատմամբ բոլոր բռնությունները: Մենք երթ կանցկացնենք, ցույց տալու աշխարհի ցանկացած երկրում ընտանեկան բռնության ենթարկված կանանց, որ դեռ հույս կա»,- ասված է հաղորդագրության մեջ: