Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո ՌԴ քննչական կոմիտեի անդամները սկսել են հետաքննությունը պայթյունի վայրում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, քննիչներն արդեն գտել են ենթադրյալ ահաբեկչի մարմնի մասերը:
«Արաբական արտաքինով տղամարդու գլուխ են հայտնաբերել, ում տարիքը մոտավորապես 30-ից 35 տարեկան է: Նախնական վարկածով՝ հենց նա է գործի դրել պայթուցիկ սարքը», – նշել է գործակալության աղբյուրը:
Մեկ այլ վարկածի համաձայն, ահաբեկիչները կազմակերպել են պայթյունը երկրորդ փորձից, առաջին դեպքում չեչեն մահապարտ կինը չծրագրված ինքնապայթյուն է իրականացրել:
Newsru.com-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 31-ին Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող մարզական ակումբի տնակում պայթյունի հետևանքով տուն է ավերվել: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնշեն պայթյուցիկը պատրաստելու գործընթացի ժամանակ: Այդ պայթյունի հետևանքով զոհվել է մի կին, որի ամուսինը Հյուսիսային Կովկասում գործող խմբավորումներից մեկի զինյալ է եղել, ով ներկա պահին բանտարկված է:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ տվյալ վայրում ահաբեկչական գործողության համար պայթուցիկ էին պատրաստում: