Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և կարևոր գործընկերը: Մյուս կողմից` Վրաստանի հետ մենք արդեն մի քանի հազար տարի կողք կողքի ենք ապրում, բարեկամական, լավ հարաբերություններ են ձևավորվել: Չգիտեմ, միգուցե ես Ռուսաստանից և Վրաստանից շատ եմ ուզում, որ այդ հարաբերությունները կարգավորվեն: Խնդիրներ եղել են, խնդիրներ կան, բայց, ամեն դեպքում, համոզված եմ, որ հարաբերությունները կվերականգնվեն: «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանելով վերջին օրերին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ Հայաստանում կայացած հանդիպման և Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցը` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն էլ աշխատում են այնպիսի քաղաքականություն վարել, որ «հեշտ լինի ապրել»:
«Վրաստանն առանցքային դերակատարություն ունի ոչ միայն տրանզիտի, այլ նաև միջազգային հանրության հետ հաղորդակցություն ապահովելու հարցում: Ապրանքաշրջանառության 70%-ից ավելին իրականացվում է Վրաստանի տարածքով:
Այդ իսկ պատճառով մենք ջանում ենք մշտապես քաղաքական երկխոսություն վարել, փորձում ենք հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել հարաբերությունների պահպանման համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին ` նախագահը նշել է, որ Հայաստանի համար Օսիան, Աբխազիան, Կոսովոն շատ կարևոր նախադեպային կարևորություն ունեն:
«Մենք չենք կարող ճանաչել ոչ Աբխազիան, ոչ Օսիան, ոչ Կոսովոն` չճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անխակությունը: Պարզապես մեզ ոչ ոք չի հասկանա: Լեռնային Ղարաբաղի Ճանաչումը կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե, որովհետև բանակցություններ ենք տանում Ադրբեջանի հետ: Իսկ եթե շարունակում ենք բանակցությունները Ղարաբաղի վերաբերյալ, չենք կարող Ղարաբաղի կարգավիճակում գտնվող երկրներն ընդունել: Մենք, անկեղծ ասած, շատ բաց ենք խաղում, այս մասին մենք բազմիցս ասել ենք»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը: