Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններրի բացակայության հարցում միջազգային հանրությունը նաև Հայաստանին էր մեղադրում` ելնելով այն հանգամանքից, որ հայերը միայն անցյալով են ապրում, որ այո, եղել է ցեղասպանություն, և որ հայերը որպես նախապայման առաջադրում են Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս փաստը որոշ բարդություններ էր առաջացրել: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` հակառակ արդյունքը կապացուցեր, որ դա այդպես չէ, որ իրականում Հայաստանի ղեկավարությունը և հայերը իրենց մեջ ուժ են գտել թուրքերի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների:
«Իսկ արդյունքում` ստացվեց, թե չստացվեց, դա արդեն մի փոքր այլ հարց է: Այսինքն` ես ուզում եմ ասել, որ ի սկզբանե մենք ավելի շատ բարոյական, քաղաքական և իրավական հիմքեր ունեինք` նախապայմաններ առաջադրելու համար:
Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտանք քաղաքակիրթ ճանապարհով գնալու համար: Սկզբում ամեն ինչ բարենպաստ կերպով էր դասավորվում: Մենք բանակցություններ էինք վարում, կոնկրետ նախագծեր կային, այդ նախագծերում ոչ մի հիշատակում չկար որևէ նախապայմանների մասին: Բանավոր զրույցների ժամանակ առհասարակ նախապայմանների մասին հարցեր չեն եղել:
Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո թուրքերը սկսեցին խոսել ինչ-որ նախապայմանների մասին: Ապրիլի սկզբին, երբ Ստամբուլ ժամանեց ԱՄՆ նախագահ Օբաման, արդեն այդ ժամանակ Թուրքիայի վարչապետը սկսեց խոսել նախապայմանների մասին, ղարաբաղյան հարցում զիջումների գնալու և այլ նախապայմանների մասին, ինչը, իհարկե, անընդունելի էր մեզ համար»,- նշել է նախագահը:
Իսկ այն հարցին, թե հնարավոր է երկու կողմերը վերադառնան այդ հարցին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ հնարավոր կլինի վերսկսել գործընթացն այն ժամանակ, երբ թուրքերն առանց նախապայմանների վավերացնեն արձանագրությունները:
«Մենք պատրաստ չենք նոր բանակցությունների կամ արձանագրությունների մեջ փոփոխություններ մտցնելուն»,- վստահեցրել է նախագահը:
Նրա խոսքով` անգամ հիմա, երբ գնդակը գտնվում է թուրքերի կիսադաշտում, նրանք փորձում են խառնվել ղարաբաղյան գործընթացին, խոսում են տարածաշրջանում առաջնորդի դերի մասին, նեոօսմանիզմի մասին:
«Տարածաշրջանում առաջատար կարող է համարվել այն երկիրը, որը խնդիրներ չունի մյուս երկրների հետ: Իսկ այն քաղաքականությունը, որը թուրքերն են որդեգրել` զրո խնդիրների քաղաքականությունը, բերում է միայն Թուրքիային շահավետ հարցերի լուծմանը: Այդպես չի լինում: Մենք ամեն ինչ հասկանում ենք, հասկանում ենք, որ Թուրքիան մեծ տերություն է, որ թուրքական տնտեսությունը վերջին տարիներին խիստ աճել է, որ Թուրքիան G20-ի անդամ է, այս ամենը մենք հասկանում ենք: Սակայն սա չի նշանակում, որ նրանք մեզ կարող են որևէ բան թելադրել, կամ որևէ հարցում ուղղություն ցույց տալ: Նրանք մեզ համար հրահանգող չեն»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը: