Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում անցնող շախմատային գերմրցաշարի վերջին տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Յան Սմեետսի հետ: Արոնյանը բավական երկար մնաց խաղատախտակի մոտ՝ փորձելով կոտրել մրցակցի դիմադրությունը: Հաղթանակը հնարավորություն կտար հայաստանցի շախմատիստին երկրորդ տեղը զբաղեցնել, սակայն 61-րդ քայլին Արոնյանը ստիպված եղավ ոչ-ոքիի համաձայնել:
Արդյունքում Լևոնը վաստակեց 8 միավոր և նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ բաժանեց երրորդ տեղը: Առաջին հորիզոնականը 9 միավորով զբաղեցրեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկառու Նակամուրան, իսկ երկրորդը՝ հնդկաստանցի Վիշվանաթան Անանդն է, ով վաստակել է 8,5 միավոր:
Այնուամենայնիվ, նշենք, որ մրցաշարը կարելի է հաջողված համարել Արոնյանի համար: 13 տուրում նա 3 հաղթանակ տարավ, 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի, և դարձավ այն 2 շախմատիստներից մեկը, ով ոչ մի պարտություն չկրեց Վեյկ-ան-Զեեում: Նման արդյունք ցույց տվեց նաև Վիշի Անանդը:
Վեյկ-ան-Զեեի մրցաշարի B խմբում Գաբրիել Սարգսյանը 14 շախմատիստի շարքում ֆիլիպինցի Ուեսլի Սոյի և վիետնամցի Լե Քան Լիեմի հետ բաժանեց 4-ից 6-րդ հորիզոնականները՝ վաստակելով 7,5 միավոր:
Երրորդ տեղը զբաղեցրեց ուկրաինացի Զախար Եֆիմենկոն՝ 8 միավոր, իսկ առաջին-երկրորդ տեղերը բաժանեցին անգլիացի Լյուք Մակշեյնը և չեխ Դավիդ Նավարան, ովքեր հավաքել են 8,5 միավոր: