Երեկ առավոտյան ժամը 9-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը գործող կարգի համաձայն Երևանի քաղաքապետարան է ներկայացրել փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը: Դրան զուգահեռ, քաղաքապետարանի կայքում հայտնվել է տեղեկություն, որ փետրվարի 15-ից մինչև մարտի 10-ն Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ են անցկացվելու: «Հայկական ժամանակ» օրաթերթը մեկնաբանել է քաղաքապետարանի որոշումը:
Դա նշանակում է, որ հանրահավաքի մասին իրազեկումը ի գիտություն չի ընդունվի այն նույն պատճառաբանություններով, որոնցով չէր ընդունվում անցած տարի: Փաստորեն, Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը ապացուցեց, որ չնայած արտաքին` ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, բովանդակային իմաստով ոչնչով չի տարբերվում նախկին քաղաքապետից` Գագիկ Բեգլարյանից և հանդիսանում է ավազակապետության կարկառուն ներկայացուցիչ: