Home / Հայաստան / Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը հերքում է իր մասին լուրերը

Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը հերքում է իր մասին լուրերը

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնօրինությունը հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծությամբ է զբաղվել: Ընկերությանն է պատկանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը:

Հունվարի 31-ին «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթը գրել էր, թե ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու և նրանց պղծելու մեջ:

Սերոբ Տեր-Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այն ամենը, ինչ հրապարակվել է՝ ասելով, թե այս կերպ փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը: ԱՄՆ քաղաքացին առանց անուններ նշելու ասում է, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, որ շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին, ու կշարունակի օգնել:

«Չկա ընտանիք, մարդ, որին օգնած չլինեմ», – ասաց Տեր-Պողոսյանը:

«Հետք»-ի հրապարակման մեջ նշվում է, որ Ախթալայի բնակիչ 25-ամյա Վահրամ Փարսադանյանը շանտաժի է ենթարկել Սերոբ Տեր-Պողոսյանին: Տղան 30 հազար ԱՄՆ դոլար պարտք է ունեցել: Գումարը պահանջել է Սերոբ Տեր-Պողոսյանից՝ սպառնալով չտալու դեպքում նրա մանկապղծության փաստը հաստատող` իր ձեռքի տակ եղած տեսագրությունը հանձնել իրավապահներին:

Սերոբ Տեր-Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Վահրամ Փարսադանյանն ու նրա մայրն իր աշխատողներն են: Տղան իսկապես իրենից գումար է խնդրել, բայց ինքը հրաժարվել է տալ և նրանց սպառնալիքներին լուրջ ուշադրություն չի դարձրել:

Վահրամ Փարսադանյանի հետ կապվել չհաջողվեց՝ նրա ընտանիքը խուսափում է այս թեմայի մասին խոսել:

Ախթալայում Տեր-Պողոսյանի վերաբերյալ տարաբնույթ լուրեր իսկապես պտտվում են, այդ թվում` խոսվում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են ԱՄՆ քաղաքացուց խլել լեռնահարստացման կոմբինատը, իսկ քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու իր եղբայրը` Սոցիալական պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, այդ հարցում աջակցում են իշխանություններին:

Քաղաքապետ Հայկ Խաչիկյանն «Ազատություն» ռադիոկայաին ասաց, թե ինքը եւս լսել է Տեր-Պողոսյանին վարկաբեկող լուրերի, ինչպես նրա մեղքն ապացուցող վերոհիշյալ տեսագրության մասին:

Հարցին, թե ու՞մ նկատի ունի Տեր-Պողոսյանը` ասելով, թե ինքն Ախթալայում նախանձողներ ունի, քաղաքապետը ասաց` «չգիտեմ, մեզ [իրեն և եղբորը] նկատի չունի»:

«Մեր հարաբերությունները նորմալ են»,- ընդգծեց նա:

Ինչպես նշում է «Ազատությունը», Ախթալայի կոմբինատի սեփականատերը ևս լայն կապեր ունի կառավարությունում, իսկ մինչեւ դեկտեմբերի 31-ը` հանդիսանում էր վարչապետի խորհրդականը: Ընդ որում, մինչև երեկ նրա անունը` որպես վարչապետի խորհրդական, կար կառավարության կայքում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Սերոբ Տեր-Պողոսյանը ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից նրա պայմանագրի ժամկետի ավարտման, ոչ թե նրա անվան շուրջ տարածված լուրերի պատճառով:

Վարչապետ Սարգսյանն երեկ իր բլոգում անդրադարձել է իր արդեն նախկին խորհրդականի անվան շուրջ տարածվող լուրերին` գրելով. «Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. Հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ»: