Home / Հայաստան / Ծամոն` մարդկանց զբաղեցնելու համար. բանավեճ երկպալատանի խորհրդարան ստեղծելու մասին

Ծամոն` մարդկանց զբաղեցնելու համար. բանավեճ երկպալատանի խորհրդարան ստեղծելու մասին

«Ես համարում եմ դա ուղղակի ծամոն է, որը գցել են, որ զբաղեցնեն մարդկանց», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում երկպալատանի խորհրդարան ստեղծելու հնարավորությունը նման կերպ է մեկնաբանել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայում սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Սերժ Սարգսյանը երկպալատանի խորհրդարան ստեղծելու մտահղացում ունի:

Ըստ Բլեյանի` այս փուլում հայաստանցիների առջև ծառացած գլխավոր խնդիրը Հայաստանն է` «այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ամենասովորական մարդիկ 1991 թվականին հիմնադրել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար»: Մնացածը, Բլեյանի խոսքով, լուրջ չէ:

Հանդիպմանը ներկա «Ազգ» օրեթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը հում է համարել: Նա հիշեցրել է, որ դեռևս 70-ական թվականներից փորձ է արվել միավորել սփյուռքահայությանը, և անցյալ տարի նոյեմբերին Լոս Անջելեսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ևս այդ հարցը քննարկվել է:

Ավետիքյանի կարծիքով` դա Սփյուռքի պահանջն է:

Բանավեճի ընթացքում Աշոտ Բլեյանը նշել է, որ մի քանի տարի հետո բոլորս էլ սփյուռքահայ ենք դառնալու` նկատի ունենալով, որ այսօր կա մեծ արտագաղթ, քանի որ մարդիկ Հայաստանում չեն ուզում ապրել:

Նա նշել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի անկախ պետականության 20 տարում Հայաստան-Սփյուռք հարաբերություններն արդեն պիտի փոխանցվեին դպրոցներ, բուհեր և այլ հաստատությունները, որը սակայն չի արվել:  Ըստ Բլեյանի` եթե մեր հայրենակիցները դրսում շատ արագ ինտեգրվեին այնտեղի կյանքին, մասնակցեին ընտրություններին, քաշ ձեռք բերեին, կկարողանայինք Հայաստան-Սփյուռք հարցերը լուծել: