Ամերիկայի Միացյալ Նահանգները Եգիպտոսում ստեղծված իրվիճակը գնահատում են փոփոխությունների տեսանկյունից: Այա մասին ուրբաթ երեկոյան կայացած իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ես խոսել եմ նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Նա գիտակցում է, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել և որ փոփոխություններ են հարկավոր», – ասել է Օբաման: ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը խորհուրդ է տվել Մուբարաքին իշխանության խաղաղ փոխանցում կատարել, որը պետք է սկսվի հենց հիմա:
Նա նշել է, որ ոչ մի երկիր չի կարող որոշել Եգիպտոսի առաջնորդներին և դա կարող են անել միմիայն եգիպտացիները, և այդ գործընթացը պետք է ընդգրկի լայն զանգվածները, այդ թվում՝ Եգիպտոսի ընդդիմությունը:
«Դիմելով Եգիպտոսի ժողովրդին, հատկապես Եգիպտոսի երիտասարդներին՝ ես պետք է ասեմ՝ մենք լսում ենք ձեր ձայները: Ես հավատում եմ, որ դուք կարող եք որոշել ձեր ճակատագիրը», – ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ երեկ Եգիպտոսում լայնածավալ հակակառավարական ցույցերի 11-րդ օրն էր: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել Կահիրեի, Ալեքսանդրիայի և Գիզայի փողոցներ:
Ցուցարարները կրկին վանկարկում էին «Մուբարաք, հեռացիր» և նշում, որ իրենց բավարարելու է միմիայն Եգիպտոսի նախագահի և ողջ կաբինետի հրաժարականը: Նշենք, որ երեկ նվազել են բախումները հակակառավարական և մուբարաքամետ ուժերի միջև:
Ցուցարարները պատրաստվում են այսօր ևս դուրս գալ փողոց: Ուրբաթ ողջ օրվա ընթացքում Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքվածները վանկարկում էին՝ «Կամ մահ, կամ ազատություն»: Ինչպես նշում է Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը, չնայած Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը օրվա ընթացքում դատարկ փողոցներ է ցուցադրում և նշում, որ «Կահիրեում ամեն ինչ հանգիստ է», օրվա ընթացքում մարդիկ շարունակում են հարյուր հազարներով հավաքվել Կահիրեի կենտրոնում: