Ուրբաթ օրը, որը նախապես Սիրիայում հայտարարված էր «Ցասման օր», բազմահազարանոց ամբոխի փոխարեն Դամասկոսի փողոցները լցրել են միայն անձրևաջրերը:
Ողջ շաբաթվա ընթացքում սիրիացի ակտիվիստները` եգիպտական ցույցերից ոգևորված, Facebook սոցիալական կայքի միջոցով կոչ էին անում իրենց համախոհներին ուրբաթ` ավանդական աղոթքից հետո, հավաքվել` «կոռուպցիային և բռնապետությանը վերջ դնելուն ուղղված» հակակառավարական ցույցի:
Ակցիայի անցկացման նախաձեռնող խմբի էջում գրանցվել էին հակակառավարական ցույցին մասնակցել ցանկացող 12000 օգտատերեր:
Սակայն ուրբաթ Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն այդպես էլ դատարկ ու լուռ մնացին:
Մարդու իրավունքների պաշտպանության Սիրիական լիգայի ղեկավար Աբդել Քարիմ Ռիհավիի խոսքով` «սիրիացի այլախոհները, ինչպես նաև քրդերը, չարձագանքեցին կոչերին, որովհետև նրանք չեն հավատում նման իրավիճակում ցույցերի հաջողությանը»:
Համաձայն Human Rights Watch կազմակերպության տվյալների` Սիրիայի հատուկ ծառայությունները յուրաքանչյուր նման նախաձեռնության ժամանակ, նկարահանում են մասնակիցներին, այնուհետև` ստուգում փաստաթղթերը: