Տարբեր փորձագետներ նույն խնդրի առնչությամբ տարբեր կարծիքներ կարող են հայտնել: Եվ միշտ չէ, որ այդ կարծիքներն արտացոլում են իրականությունը: Նախևառաջ, խորհուրդներ տալուց և կանխատեսումներ անելուց առաջ պետք է աշխատել կրակն ավելի չբորբոքելու ուղղությամբ: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոն` մեկնաբանելով Միջազգային Ճգնաժամային Խմբի զեկույցը, որտեղ, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա ներկայիս իրավիճակը տանում է դեպի ռազմական գործողությունների վերսկսումը:
«Ղարաբաղյան հակամարտության հարցում փորձագետ կարող են համարվել նախևառաջ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները, որոնք լավատեղյակ են բանակցային գործընթացի զարգացումներին և ներկա իրավիճակին: Այդ իսկ պատճառով փորձագիտական գնահատականների և կանխատեսումների տեսանկյունից, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել Մինսկի Խմբի համանախագահների կարծիքին»,- պարզաբանել է նախարարը:
Հարցին` ինչու է Ադրբեջանը հետաքրքրված ղարաբաղյան հարցում ԵԽԽՎ կոմիտեի վերականգնմամբ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, «Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Ադրբեջանն ավելի շատ է շահագրգռված հարցի քննարկումը այլ ձևաչափեր տեղափոխելու և ոչ թե բանակցություններն այն ձևաչափով շարունակելու, որը միջազգային մանդատ ունի և արդեն բազմաթիվ տարիներ է գործում: Բաքուն փորձում է իր ներքին քարոզչությունը տեղափոխել արտաքին դաշտ, աղմուկ բարձրացնել հակամարտության վերաբերյալ և ոչ թե զբաղվել դրա կարգավորմամբ: ԵԽԽՎ կոմիտեն մեծ արդյունավետություն կամ օգտակարություն չցուցաբերեց բանակցային գործընթացի առաջընթացին նպաստելու հարցում: Այդ իսկ պատճառով այս տեսանկյունից մեր դիրքորոշման մեջ մենք ուղղորդվում էինք խորհրդարանականների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության կարծիքով, ի տարբերություն Ադրբեջանի: Մեր մոտեցումների տարբերությունը հենց դրանում է կայանում: