Home / Հայաստան / Մոսկվայում ազգայնամոլների ակցիան անցավ ավանդական սցենարով

Մոսկվայում ազգայնամոլների ակցիան անցավ ավանդական սցենարով

Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ազգայնականների հերթական ակցիան կասեցվեց ոստիկանության կողմից: Ե՛վ ազգայնականները, և՛ ոստիկանությունը յուրաքանչյուր ամսվա 11-ին նույն սցենարի համաձայն են գործում` բարձրագոչ հայտարարություններ բլոգերում, ոստիկանական խստացված միջոցներ, տասնյակ ձերբակալվածներ, հաղորդում է GZT.ru-ն:

Փետրվարի 11-ին` երեկոյան ժամը 19:00-ին, «Օխոտնի ռյադ» մետրոյի կայարանի մոտ «դեկտեմբերի 11» շարժման ակտիվիստների հանդիպում էր նշանակված: Նշենք, որ շարժման անունը կապված է Մանեժնայա հրապարակում կազմակերպված անկարգությունների հետ, որոնք իրականացվել էին կովկասցիների կողմից սպանված ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանության պատճառով վրդովված ամբոխի կողմից:

Սակայն «Մեկը բոլորի, բոլորի մեկի համար» կարգախոսը հնչեցնող ակտիվիստները չեն հասցրել մի քանի քայլ կատարել, երբ ոստիկանության աշխատակիցները անմիջապես շրջապատել են ցուցարարներին: Ակցիայի մասնակիցները փորձել են բացատրել իրավապահներին իրենց իրավունքները, սակայն տեղում ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խստացված միջոցները ձեռնարկվել են ինտերնետում տարածված հաղորդագրությունների պատճառով: Արմատական տրամադրված երիտասարդները կոչ էին արել փետրվարի 11-ի երեկոյան հավաքվել Մանեժնայա հրապարակում ցույցի: