«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հետաձգվեց:
Հիշեցնենք, որ նիստն ընդմիջվել էր մի քանի ժամով. Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Եվա Դարբինյանին` նշելով, որ իրեն թույլ չեն տվել դահլիճ բերել դատավարության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դատավորը բավարարեց միջնորդությունը, սակայն Փաշինյանին, այնուամենայնիվ, թույլ չտվեցին խցից վերցնել փաստաթղթերն ու նամակները, քանի որ, «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանի խոսքով, դրանցից ոչ բոլորն են վերաբերում գործին:
Թղթային քաշքշուկներից հետո փաստաբանները միջնորդեցին դատավորին նիստը հետաձգել երկու օրով: Միջնորդությունը հիմնավորվեց նախ` նրանով, որ իրենք պետք է ուսումնասիրեն պաշտպանյալի բոլոր փաստաթղթերն ու նամակները, քանի որ մինչ այդ չունեին այդ հնարավորութունը: Բացի դրանից, աշխատանքային օրն արդեն մոտենում էր ավարտին, իսկ, փաստաբանների խոսքով, այսօր վերջնաժամկետն է` Փաշինյանի փոստաթղթերը հանձնելու Եվրոդատարան:
Դատավորը բավարարեց միջնորդությունը, սակայն հաջորդ դատական նիստի օրը դեռևս չնշանակվեց:
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի` գործին առնչվող փաստաթղթերը հանձնվեցին փաստաբաններին, իսկ «Հայկական ժամանակին» և իրավապաշտպաններին ուղղված նամակներն ու դիմումները գրանցվեցին մատյանում` դրանք հասցեատերերին ուղարկելու համար:
Հիշեցնենք, որ դատարանում քննվում է Փաշինյանի պահանջը` բեկանել 2010-ի նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի կայացրած որոշումը: Վերջինս հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի` 2010-ի մայիսի 25-ի հայտնի որոշումը, որով վերջինս, հաշվարկելով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը, շուրջ 5 ամսով ավելացրել էր այն` սահմանելով 3 տարի 10 ամիս 29 օր: