Այսօր Ժողովրդական կուսակցությունը վերջնագիր է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով պահանջում է ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին և թույլ չտալ Արևմտյան խաղաղապահ ուժերի մուտքը Հայաստան, պետական մակարադակով պաշտպանել ջավախահայության շահերն ու աջակցել նրանց, էականորեն բարձրացնել կենսաթոշակները, կանխել չհիմնավորված գնաճը, բարձրացնել անապահով խավերի նպաստը, երիտարսարդությանը հատկացնել կարևոր և առաջնային տեղ, վերացնել արտագաղթի պատճառները: Այս մասին այսօր հայտարարվել է Կարապետյանի կողմից հրավիրված բացօթյա համաժողովի ժամանակ:
«Հայաստանը կանգնած է անդառնալի կորուստներ և հասարակական ցնցումների շեմին, իսկ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն արագացնում է անկումը, եթե չիրականացվեն այս բարեփոխումները մենք անվստահություն կհայտնենք ՀՀ իշխանություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Տիգրան Կարապետյանի խոսքով` եթե վերջնագիրը չընդունվի, ինքը փետրվարի 28-ին կդիմի ժողովրդին.
«Իշխանություններին կասենք` ոչ, ցույց կտանք կարմիր քարտ ու կպահանջենք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, թե չէ` այսօր նույն մարդիկ են քաղաքականության մեջ` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը»,- ասել է նա:
Բացատրելով համաժողովին ներկա մարդկանց փոքր քանակը` Կարապետյանն ասել է. «այնքան կռացին, որ Երևան եկող ճանապարհները փակ են»: