«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Արթիկ» ՔԿՀ-ում ապօրինություններ են իրականացվում: Այս այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ,
իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ասուլիսի ընթացքում Արթուր Սաքունցը մի դեպք է ներկայացնել, որը, իր կարծիքով, լավագույնս արտացոլում է ստեղծված իրավիճակը:
«Երբ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվել է ընդունել Փաշինյանի 5 ծրարավորված նամակները և առաքել դրանք, դիտորդական խմբի անդամներն առաջարկել են ՔԿՀ-ի աշխատակիցներին իրենց ներկայությամբ ստանալ ծրարները և գրանցել դրանք համապատասխան մատյանում: Սակայն ՔԿՀ աշխատակիցները հետ են վերադարձել առանց մատյանի և հայտարարել են, որ այն գտնվում է չհրկիզվող պահարանում: Իսկ երբ առաջարկել են իրենց ստորագրությամբ արձանագրություն կազմել նամակների համար, ՔԿՀ աշխատակիցներն ասել են, որ իրենք արձանագրություն կազմող չեն և չեն կարող Փաշինայնի ծրարները ստանալ: Նշենք, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել շաբաթ օրը` փետրվարի 12-ին, և ՔԿՀ վարչակազմը Փաշինյանի նամակները չընդունելը բացատրել է նրանով, որ ՔԿՀ աշխատակազմը շաբաթ, կիրակի օրերին չի աշխատում: Եթե շաբաթ-կիրակի օրերին աշխատակազմը չի աշխատում, ուրեմն էդ օրերին բոլոր դատապարտյալներին ուղարկեք տուն, երկուշաբթի նոր բացեք: Արթիկ ՔԿՀ վարչակազմը ակնհայտորեն զբաղված է ապատեղեկատվությամբ»,- ասել է Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նաև տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանիդպումից հետո ՔԿՀ աշխատակիցները խուզարկել են Փաշինյանի խուցը:
«Մտածել են, որ խումբը կարող է ինչ-որ բան փոխանցել Փաշինյանին: Ճղճիմ գործելակերպ է և դրանով փորձում են ստվեր գցել դիտորդական խմբի վրա»,- ասել է Սաքունցը: Վերջինս համոզված է, որ Փաշինյանի նամակագրության արգելքով խախտվում է նաև նրա ազատ արտահայտվելու իրավունքը:
«Փաշինյանը անսովոր դատապարտյալ է, նա դատապարտվել է անհիմն, իր քաղաքական հայացքների համար: Եվ ՔԿՀ-ն չգիտի ինչպես իրեն պահի նման դատապարտյալների հետ»,- ասել է Սաքունցը: