Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, հայտարարություն է տարածել, որում դիմում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին:
Հայտարարության մեջ Տիգրան Փոստանջյանը նշում է, որ իր քույրը հայտնի է Հայաստանում իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ, այնուհետև ներկայացնում է իր հետ փետրվարի 18-ին տեղի ունեցած պատմությունը:
«Փետրվարի 18-ին, ժամը 12:40-ին ինձ անծանոթ մի տղամարդ 010.27-86-42 հեռախոսահամարից զանգահարել է ձեռքիս հեռախոսահամարին` 091.43-74-22: Այդ հեռախոսազանգի ժամանակ նա բավականին անհանգստացած հայտնեց, որ ՙդատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով՚: Այդ անակնկալ տեղեկության մասին անմիջապես տեղեկացրեցի քրոջս և որոշեցինք հետ զանգահարել այդ մարդուն և փորձել պարզել` ով է այդ ինքը և ինչ նպատակով է նման լուր հայտնում ինձ: Զանգահարեցի նրան մեր տանը գտնվող 010.25-74-22 հեռախոսահամարից և նրա հետ պայմանավարվեցինք հանդիպել Կոմիտասի սկզբնամասում գտնվող ցայտաղբյուրների մոտ: Ես պայմանավորված ժամին եկա այդ վայր, երկար սպասեցի նրան, սակայն նա այդպես էլ չեկավ: Չի բացառված, որ մեր հեռախոսային խոսակցությունները լսվել են գաղտնի ծառայությունների կողմից, որոնք և խափանել են նրա գալը», – գրում է Փոստանջյանը:
Դրանից մի քանի ժամ հետո Փոստանջյանին տեղեկացրել են, որ ՀՀ դատախազության կողմից իրեն վերաբերող պաշտոնական հայտարարություն է տարածվել հետևյալ տեքստով.
«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել և ապօրինի ստացել է վարձատրություն:
Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»:
Փոստանջյանի խոսքով` հատկանշական է այն փաստը, որ իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես իրենից բացատրություններ ստանալու կամ որևէ այլ կերպ իր տեսակետը լսելու:
«Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ և առաջին «զոհերից» մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաև, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների և Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով:
Լինելով Փոստանջյանների ընտանիքի անդամ` տեղյակ եմ, որ այս տարիների ընթացքում փորձել են տարբեր միջոցներով Զարուհուն և նրա ընտանիքի անդամներին ահաբեկել, սակայն տարբեր ուրիշ ճանապարհներով չհասնելով բաղձալի արդյունքին, այն է` կոտրել Զարուհի Փոստանջյանի կամքը և ստիպել նրան գրավել հարմարվողական դիրք, դիմել են հերթական պրովոկացիայի:
Նաև շատ լուրջ մտավախություն ունեմ, որ ինձ զանգահարած քաղաքացուն, ով տեղյակ է իմ դեմ թխվող քրեական գործի իրական դրդապատճառների մասին, ինձ զանգահարելուց հետո վտանգ կսպառնա: Չի բացառված, որ նա իր հերթին դառնա այս մեծ խաղի «զոհը»», – ասված է հայտարարության մեջ:
Դիմելով հայտարարության հասցեատերերին` Տիգրան Փոստանջյանը նշում է, որ ակնկալում է, որ իրենց լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել իրեն և վերոնշյալ անհայտ անձին իշխանությունների սադրանքներից ու ճնշումներից, իսկ Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից պաշտպանելու գործում: