Այսօր ԱԱԾ քննչական ծառայությունը ձերբակալել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջից Տիգրան Փոստանջյանը տեղեկացել է իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման իրականացման մասին: Համաձայն ՀՀ դատախազության, «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»: Փոստանջյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ դա քաղաքական հետապնդում է` կապված իր քրոջ` Զարուհի Փոստանջյանի գործունեության հետ:
Այսօր տարածած հայտարարության մեջ Փոստանջյանի պաշտանական կողմը նշում է, որ «չորս օր վարույթն իրականացնող մարմինը, չձեռնարկելով որևէ միջոց լսելու Տիգրան Փոստանջյանին, այդ ընթացքում, ըստ մեր ունեցած տվյալների, կեղծ ցուցմունքներ է կորզել տարբեր անձանցից, և այսօր` փետրվարի 23-ին, ԱԱԾ քննչական ծառայությունն առանց հիմքերի նրան ձերբակալել է»:
«Մեզ համար, և վստահ ենք` ողջ քաղաքացիական հասարակության համար այդպես էլ անհայտ մնաց էությամբ զավեշտալի այն հարցը, թե այս «գործը» ինչ հույժ կարևորություն ուներ, որ դրանով զբաղվում է հանրապետության անվտանգությունն ապահովելու կոչված կառույցը` պետության Ազգային անվտանգության ծառայությունը:
Այժմ Տիգրան Փոստանջյանը գտնվում է ԱԱԾ-ի ժամանակավոր պահման մեկուսարանում և ինչպես հայտնեցին մեկուսարանից, քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա», – ասված է հայտարարության մեջ: