Լիբիայում արդեն մի քանի օր շարունակվող բախումների ընթացքում հակակառավարական ուժերը ևս մի շարք կարևոր հաղթանակներ են տարել: Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, ցուցարարները, ովքեր պայքարում են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ, իրենց հսկողության տակ են վերցրել ևս մի քանի քաղաքներ:
Մասնավորապես, Եգիպտոսի սահմանից Լիբիա մտած լրագրողները նշում են, որ Քադաֆիին պաշտպանող զորքերից լիովին ազատագրված է Տոբրուկ քաղաքը, ինչպես նաև այսօր ցուցարարներին հաջողվել է զինվորականներին դուրս մղել Միսուրատա քաղաքից:
Այնուամենայնիվ, զորքերի և ցուցարարների կատաղի բախումները շարունակվում են երկրի մայրաքաղաք Տրիպոլիում:
Երեկ Մուամար Քադաֆին հայտարարել էր, որ չի հեռանա մինչև ժողովդրի վրա չարձակի վերջին փամփուշտը, իսկ այսօր նա իրականացնում է իր խոստումը:
Նա իրեն հավատարիմ զինվորականներին կարգադրել է սկսել նավթային օբյեկտների ոչնչացումը: Ըստ Time ամսագրի, Քադաֆին ծրագրում է առաջին հերթին պայթեցնել այն նավթատարները, որոնցով նավթ է փոխադրվում դեպի միջերկրական ծովի նավահանգիստներ, իսկ հետագայում՝ Եվրոպա:
Բացի այդ, Քադաֆին բանտից բաց է թողնում ծայրահեղ իսլամիստներին, որոնց կարգադրում է հարձակվել ցուցարարների վրա: Սա, ըստ ամսագրի, ուղերձ է Լիբիայի ժողովրդին՝ «կամ ես, կամ քաոս»:
Նշենք նաև, որ մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում ԵՄ-ը և Արաբական լիգան, դատապարտել են Քադաֆիի գոծողությունները և հայտարարել են Լիբիայի տնտեսական շրջափակման հնարավորության մասին: