Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Սերժ Սարգսյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք:

Սերժ Սարգսյանը կարևորել է պարբերական հանդիպումները երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Օբամայի վարչակազմին միանալուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, և ուրախ է, որ իր այցով ևս նպաստում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:

«Պարո´ն նախագահ, ինչպես Դուք նշեցիք, այս պարբերական հանդիպումները, նաև փետրվարին Մյունխենում Ձեր հանդիպումը պետքարտուղարի հետ, իսկ անցյալ տարի`  Վաշինգտոնում նախագահ Օբամայի հետ հանդիպումը և, իհարկե, իմ այս այցը Հայաստան, ցույց են տալիս մեր երկրների միջև կապերի ամրությունը»,- ասել է Ջեյմս Սթայնբերգը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: