«Պետք է ասեմ, որ չեմ զարմացել, որ հայկական օրաթերթերից մեկի խմբագիր հոմոֆոբ Արամ Աբրահամյանին հրավիրել են վարել «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հարյուր հարց և պատասխան» նոր շարքի առաջին քննարկումը», – սեփական բլոգում տեղադրված հոդվածում գրել է Art Mika բլոգերը:
Նրա խոսքով` «սա ցույց է տալիս «Սիվիլիթաս» հիմնադրամի կեղծավորությունը, հիմնադրամի, որն անընդհատ խոսում է եվրոպական արժեքների և մարդու իրավունքների մասին»:
Խոսելով Աբրահամյանի «հոմոֆոբիայի» մասին` բլոգերը հղում է կատարում Արամ Աբրահամյանի խմբագրականներից մեկին, որում մասնավորապես ասված է. «Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ տղամարդու կապը տղամարդու հետ նույնքան բնական է, որքան տղամարդու և կնոջ»:
Art Mika-ն անդրադառնում է նաև Վարդան Օսկանյանի մասնակցությանը. «Եկեք չմոռանանք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի «100 հարց» քննարկման առաջին հյուրն է Վարդան Օսկանյանը, ով աշխատում է իրեն «մարդու իրավունքների ոլորտում չեմպիոն» ներկայացնելու համար:
Իր վերջին հայտարարության մեջ նա քննադատում է իշխող կոալիցիայի հուշագիրը` նշելով, որ այն ընդգծում է իշխանությունների կողմից ժողովրդավարության, ընտրությունների և հանրային կամքի անտեսումը: Բայց այստեղ միայն մեկ խնդիր կա, պարոն Օսկանյան: Վարդան Օսկանյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ, երբ ընդդիմությունը ջախջախվեց կեղծված նախագահական ընտրություններից հետո: Այն ժամանակ նա լուռ էր, չէր խոսում մարդու իրավունքների խախտումներից: Իրականում ես սխալվում եմ, նա անգամ ձայն էր բարձրացնում ի պաշտպանություն իշխող ռեժիմի գործողությունների: Ես չեմ հիշում, որ նա երբևէ իրականում ներողություն է խնդրել», – գրում է Art Mika-ն:
Բլոգերը կոչ է անում գնալ քննարկման և հարցադրումներ անել «և Վարդան Օսկանյանի կեղծավորության, և Արամ Աբրահամյանի հոմոֆոբիայի» վերաբերյալ:
«Ինչպես իրենք են գրում, «քաղաքացիները հնարավորություն կունենան անմիջական հարցեր ուղղել հասարակության կյանքի տարբեր բնագավառների ու մակարդակների համար պատասխանատու անձանց»», – եզրափակում է հեղինակը: