Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին և Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու և կադրերի ռեզերվ տեղափոխելու մասին, հաղորդում է News.am-ը` վկայակոչելով ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքերը: Վերջինս չմեկնաբանեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Թամամյանն ու Ադամյանը ազատվել են պաշտոնից ինչ-որ մութ պատմության արդյունքում:
Մալխասյանը հաստատեց նաև, որ այսօր` փետրվարի 28-ի առավոտյան, մահացել է Հովհաննես Թամամյանի հայրը՝ Ղուկաս Թամամյանը:
Ինչպես հաղորդում է lragir.am-ը, ըստ որոշ տեղեկությունների, հիշյալ անձանց պաշտոնանկության պատճառը ոստիկանությունում իրականացված ծառայական քննությունն է, կապված անցյալ տարի Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի սպանության դեպքի հետ: Այդ դեպքի առիթով շոշափվում էր նաև Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու անունը:
Ավելի վաղ «Ժամանակ» օրաթերթը, հայտնելով, որ Թամամյանը կազատվի աշխատանքից, գրել էր, որ դրա պատճառն այն է, որ Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք է բարդվել ԱԺ նախագահի խորհրդական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա:
Լուսանկարը` azatutyun.am-ի