«Մեդվեդևը հայտնաբերել է, որ Հայաստանում իրականում տալիս են ամենաթանկ գազերից մեկը, հանկարծ էս մարդիկ հասկանում են, որ ստրատեգիական գործընկերն էդքան էլ հիմար չէ, գլխի է ընկել` իր հետ ինչ են անում»: Այսօր մամուլի ասուլիսին ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ուրբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահի Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ընթացքում ձեռք բերված այն պայմանավորվածությանը, որ գազի գինը Հայաստանի համար չի թանկանալու:
«Երբ «Գազպրոմը» հարցրեց «ՀայՌուսԳազարդին»` եղբայր, մենք գազի գինը 27 տոկոսով բարձրացրել ենք, սպառող խումբը պակասել է 44%-ով, ի՞նչն է պատճառը: Հանկարծ «Գազպրոմը» հայտնաբերեց, որ գազի իրական գինը Հայաստանում 400 դոլար է», – ասել է Բագրատյանը:
Նրա կարծիքով` Մեդվեդևը որոշել է գազի գինն այլևս չբարձրացրել ոչ թե նրա համար, որ սիրում է Սերժ Սարգսյանին, այլ հասկացավ, որ «հիմարություն է տեղի ունեցել»:
«Այսինքն, եթե 27 տոկոս գին են բարձրացրել, 44 տոկոս սպառումն է պակասել, 17 տոկոս վնասվել է: Դա կոչվում է սովորական սխալ, որի համար պատժում են», – ասել է Բագրատյանը` հավելելով, որ պետք է պատժվեր «ՀայՌուսԳազարդի» ղեկավարությունը և «Գազպրոմի» համապատասխան ծառայությունները:
Բագրատյանը ևս մեկ անգամ նշել է, որ Սերժ Սարգսյանն ու կառավարությունը պետք է հրաժարվեն գազի գնի շուրջ քննարկումներից. «Գազը ապրանք է, որը մատակարարում է «Գազպրոմ» կոմերցիոն կառույցը «Հայռուսգազարդ» կոմերցիոն կառույցին»:
Տնտեսագետը նաև առաջարկել է, որ գազը գնի և տրամադրի քաղաքապետարանը. «Առաջարկում եմ` Երևանի քաղաքապետը 96-ով (նկատի ունի 1 կուբոմետրը 96 դրամով-Epress.am) թող գազն առնի, 3000 դրամ իրա ծախսը (ամսեկան սպասարկման վճարը) ավելացնի, տա մեզ: Ինքն էլ «ՀայՌուսԳազարդում» աշխատել է: Նույնը թող անի Գյումրիի քաղաքապետը, նույնը թող անի Վանաձորը»:
Եվ, ընդհանրապես, Բագրատյանի խոսքով, պիտի ասվի, թե ի՞նչ գործ ունի «Հայռուսգազարդը» գազ մատակարարելու հետ. «Ես քաղաք եմ, գնում եմ գազը մեծածախ, ինքս էլ մատակակարում եմ, ինքս էլ կհետևեմ խողովակների վիճակին»: