Ղազախստանի Պավլոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանի քաղաքացուց ոսկյա իրեր են առգրավել, հաղորդում է Tengrinews-ը:
Մաքսային վերահսկողության բաժնի աշխատակիցները տղամարդու գոտու ներսի կողմում մի քանի փաթեթ են հայտնաբերել, որոնց մեջ ոսկյա իրեր են եղել: Երևանից Ղազախստան ուղևորվող 52-ամյա տղամարդը չհաստատագրված բեռն ինքնակամ հանձնել է մաքսային ծառայության աշխատակիցներին:
Գերատեսչության մամլո ծառայության տվյալների համաձայն, փաթեթների մեջ 16 զույգ ականջօղեր և դեղին ու սպիտակ մետաղից պատրաստված, հավանաբար, ադամանդներով 10մատանիներ են հայտնաբերվել: Առգրավված իրերի վերաբերյալ փորձաքննություն է նշանակվել: Եթե ոսկյա իրերն իրոք արժեքավոր են և դրանց արժեքը գերազանցում է 1,5 հազար եվրոն, տղամարդը քրեական պատասխանատվության կենթարկվի: