Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մտադիր էր 2008 թվականի սեպտեմբերին պաշտոնական այցով մեկնել Վրաստան, սակայն ուղևորությունը խափանվեց, երկուշաբթի հայտարարել է ընդդիմադիր «Վրացական կուսակցության» քաղաքական քարտուղար, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին, հաղորդում է «Վզգլյադի» թղթակիցը Թբիլիսիում:
Նրա խոսքով` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գիտեր այս մասին, բայց ամեն դեպքում Աբխազիայի հարցում որոշեց խարդախության դիմել: Նախկին դեսպանը կարծում է, որ Սահակաշվիլին նման քայլի է դիմել վրաց ժողովրդի աչքերում իր դիրքերը վերականգնելու նպատակով:
Էրոսի Կիցմարիշվիլին հայտարարել է, որ ընդդիմությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ հստակ պատկերացումներ ունի: «Մենք լայն շփման մեխանիզմ ունենք. դա Վրաստանի նախկին քաղաքացիներն են, ովքեր ապրում են Ռուսաստանում: Դա հսկայական ակտիվ է»,- նշել է նա:
Նախկին դեսպանը նշել է նաև, որ թեև «դժվար է Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելը», այդուհանդերձ, մինչ 2008 թվականի պատերազմը հնարավոր էր լուրջ առաջընթաց գրանցել այդ հարցում: Մինչդեռ երկուշաբթի, Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխանամետ ուժի առաջնորդներից մեկը` Նուգզար Ցիկլաուրին, հայտարարել է, որ Ռուսաստանում իշխանությունը գտնվում է «21-րդ դարի մոդեռնիզացված ֆաշիզմի ներկայացուցիչների ձեռքերում»: