Մարտի 17-ին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարկ Տոներին հարց են ուղղել` կապված Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների և կառավարության կողմից Facebook սոցիալական ցանցի օգտագործման սահմանափակման հետ: Լրագրողներից մեկը նշել է, որ բազմաթիվ վերլուծաբաններ, այդ թվում` ԱՄՆ-ում, կարծում են, որ Ադրբեջանը կարող է նոր Լիբիա կամ Բահրեյն դառնալ, որտեղ այս պահին շարունակվում են հակակառավարական ցույցերը:
Տոները նշել է, որ ինքը տեղյակ չէ վերջին զարգացումներից, սակայն գիտի, որ ԱՄՆ կառավարությունը խոսել է արտահայտման ազատության սահմանափակումների անթույլատրելիության մասին:
«Դա շատ կարևոր է: Սա համընդհանուր մարդկային իրավունք է, մարդիկ պետք է հնարավորություն ունենան տեղեկատվություն ստանալ, և դա մենք սատարում ենք», – ասել է նա:
Տոները հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպը վերջին զարգացումների մասին արդեն զրուցել է Ադրբեջանի կառավարության հետ, սակայն այնուհետև ավելացրել. «Ես չգիտեմ` արդյոք արդեն խոսել ենք, թե ոչ: Ենթադրում եմ` խոսել ենք»: