Home / Հայաստան / Կարապետյանը վստահ է, որ բիզնեսը «սեփական ավտոբուսով» կգա Երևան

Կարապետյանը վստահ է, որ բիզնեսը «սեփական ավտոբուսով» կգա Երևան

Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտի հետ կապված խնդիրներ շատ կան, «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքի  ռիթմը «մեգապոլիսներին հարիր» կերպով կազմակերպելու համար, Երևանի քաղաքապետը մտադիր է լուծել հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները: «Երթուղային տաքսիներից կանցնենք միջին չափի և մեծ ավտոբուսների: Երկրորդ հերթին, պետք է սահմանափակենք միջքաղաքային ավտոբուսների մուտքը Երևան, քանի որ շատերը A կետից դեպի Երևան քաղաքացիներին տեղափոխելու գործառույթից բացի, մտնում են քաղաք և ծանրաբեռնում են երթևեկությունը»,- ընդգծել է Կարապետյանը:

«Երրորդ հերթին, մենք կանցնենք վճարման միասնական համակարգի (հավանական է, որ դա շատ շուտ չլինի): Այդպիսով, տրանսպորտի ղեկավարման միասնական համակարգ լինի, որտեղ ֆինանսական հոսքերը ղեկավարող օպերատորը վճարի փոխադրողին իր կատարած աշխատանքի համար:

Ճանապարհների կառուցումը բավական խնդրահարույց է, որովհետև բիզնեսի տեսանկյունից այն շահավետ չի: Իսկ տրանսպորտը շահավետ է: Եթե մենք խաղի կանոնները հստակ ներկայացնենք, ես ավելի քան վստահ եմ, որ բիզնեսը սեփական ավտոբուսով կգա, և կսկսի ղեկավարել: Երբ քիչ թե շատ տրանսպորտային ընդհանուր ցանցը հասկանալի լինի, այն ժամանակ էլ հասկանալի կլինի ֆինանսական հոսքերի միասնական համակարգը»,- հայտարարել է Կարապետյանը: