«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ղեկավարության հրահանգով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարությունը դեռ մեկ շաբաթ առաջ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի պատասխանատուների շրջանում ներքին «քննություն» է սկսել.
«Պատճառը «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ներկայացված հայցադիմումի վերաբերյալ «Դատալեքսում» տեղադրված պաշտոնական տեղեկանքն է, որը հրապարակվել է մեր թերթի մարտի 19-ի համարում: Այդ փաստաթղթում հայցվորի` Նիկոլ Փաշինյանի տվյալներում նշված է, որ նա քաղբանտարկյալ է: Հրապարակման լույս տեսնելու օրը` վաղ առավոտյան, օպերատիվ կերպով տեղեկանքը փոխվել է, իսկ դատական համակարգի պատասխանատուներին հանձնարարվել է գտնել և պատժել «մեղավորին»: Մեր տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնարարվել է վերահսկել գործընթացը: Մարտի սկզբին դատական դեպարտամենտից իրենց դիմումի համաձայն բազմաթիվ աշխատակիցներ են հեռացել, ենթադրվում է, որ «մեղքը» կբարդվի նրանց վրա և կորոշվի, որ «մեղավորն» արդեն պատժվել է»: