Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ բոլոր հայերին հանգանակություն կատարել ԱԻՄ-ի համար, որը 2012 թվականի ընտրություններին մասնակցելու կոչերի, ազգային-քաղաքական ներդրումներից բխող հասարակական ակնկալիքների և մի շարք այլ կոչերի արձագանքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Նվազագույն նախնական անհրաժեշտ դրամագլխի ապահովումը, որով իրենց գործունեությունը կսկեն ԱԻՄ-ի երևանյան և մարզային գրասենյակները, անառարկելի վկայություն կլինի այն բանի, որ հասարակությունը պատրսաստ է սատարել երկրում իրավիճակն արմատապես փոխելու ԱԻՄ-ի ծրագրերին»,- հայտարարել է Հայրիկյանը:
Նա նշել է նաև, որ այս դրամահավաքը «բարոյական իրավունք» կտա ԱԻՄ-ին նպաստել բոլոր առողջ ուժերի համախմբմանը:
«Միայն այդ կերպ է հնարավոր` մյուս քաղաքական ուժերի հետ համատեղ, ընտրություններ կոչվող միջոցառումը դարձնելով իրական ընտրություններ, սկսել մեր ազգային-քաղաքական կյանքի առողջացումը», – նշել է ԱԻՄ նախագահը: