Ապրիլի 8-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների զեկուցի Հայաստանին վերաբերող հատվածը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գնահատել է որպես անաչառ և իրավիճակին համապատասխան:
«Այդ զեկույցը լիովին արտահայտում է այսօրվա հայաստանյան իրավիճակը: Այս զեկույցում նախորդ տարվա համեմատ շեշտադրումները շատ ավելի հստակ էին»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաքունցը:
Պետդեպի զեկույցում նա կարևորել է Մարտի 1–ի դեպքերի հետևանքերով 10 սպանությունների, ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի և ընտրական համակարգի չկայացվածության թեմաներին անդրադարձը:
«Զեկույցը շատ փաստագրված, համակարգի բուն էությունը բնութագրող զեկույց էր», – ասել է իրավապաշտպանը:
Մեր այն հարցին, թե ինչպես կարձագանքեն Պետդեպի զեկույցին ՀՀ իշխանությունները, վերջինս ասել է:
«Իշխանությունները կփորձեն տարբեր գնահատականներ տալ, կասեն, որ զեկույցը կոշտ էր, իրենք բարեփոխումների քայլեր անում են, բայց, իմ կարծիքով, իշխանությունների լավագույն գնահատականը կլինեին գործողությունները: Սակայն հույս չունեմ, որ նրանք քաղաքական կամք կդրսևորեն և, ընդհանրապես, ի վիճակի են որևէ բարեփոխում իրականացնել»,- պատասխանել է Սաքունցը: